Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չունի, կոնկրետ հոդված չի փոխվում. ԱԽՔ
Քաղաքական
13:04 20/02/2025
Հայաստան

Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չունի, կոնկրետ հոդված չի փոխվում. ԱԽՔ

«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց։ Արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»,- կառավարության նիստից հետո  ճեպազրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությունը պայմանավորված չէ Ադրբեջանի պահանջներով։

Նա ընդգծեց, որ Սահմանադրության փոփոխությունը եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց։

Հարցին՝ Սահմանադրության ո՞ր հոդվածն է ուզում փոխել իշխանությունը, ԱԽՔ-ը պատասխանեց. «Կոնկրետ հոդված չկա»։

«Հանրությունը կքվեարկի։ Ի դեպ, մենք չենք որոշելու արդյունքը»,- ասաց նա:

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին, ե՞րբ են սկսվելու, ըստ պայմանավորվածության, Տավուշի հատվածից, նա ասաց. «Երբ որ գործընթաց լինի, դրա մասին հրապարակային  կխոսեն համապատասխան գերատեսչությունները»։

Նախօրեին հայտարարվել է, որ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողով է ստեղծվելու, համակարգելու է հենց Ա. Գրիգորյանը։ Ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ, որ ուղղություններով է վերանայում լինելու հարցերին ի պատասխան՝ Ա. Գիգորյանն ասաց. «Որ ուղղություններով  են փոփոխություններ լինելու, դրա մասին չենք կարող խոսել, հիմնական քննարկումները, որոնք մինչ այս պահն ունեցել ենք, աշխատակարգի, կանոնակարգի մասին է եղել, քննարկումները սրանով սահմանափակվել են։

Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտություն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի շուրջ։

Նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը, երբ որ պատրաստվել ու հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ։ Այդ փոփոխությունների դինամիկան  հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք։ Սպասելուց հետո որոշակի հստակեցումներ ունենալով՝ մենք որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ։

Աշխատանքների մեկնարկը տրված է, աշխատանքային հանդիպումները շուտով կսկսենք»։

Placeholder