Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
Իրավունք
17:02 25/02/2025
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործով դատական նիստին հասցրեց բարկացնել բոլոր պաշտպաններին։

Նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը չհանդուրժեց դատավորի պահվածքը.

«Մի հատ կարգ սահմանեք, չգոռաք՝ մեկ, կանգնենք, նստենք, մեկին՝ մի ժպտա, մեկին՝ շարժում մի արա, մի շնչի, մի արտաշնչի։ Ի´»։

«Ձեռք ու ոտքներս կապած պիտի նստենք, միմիկա չշարժենք»,-գործընկերոջ զայրույթը շարունակեց պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Այս ընթացքում դատավորը շարունակում էր գոռգոռալ՝ պահանջելով Սահակյանից նստել ու չխոսել, քանի որ դատարանը նրան դա թույլ չի տվել։

Երբ կրքերը հանդարտվեցին, ՀՀ Ռոբերտ Քոչարյանը կողքին նստած Սեյրան Օհանյանին ինչ-որ բան ասաց՝ ձեռքով ծածկելով աչքերի ու ճակատի հատվածը։

«Մի րոպե, Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում։ Դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում, ոչ պատշաճ վարքագիծ եք դատական նիստերի դահլիճում դրսևորում, նստեք»,-հայտարարեց դատավորը։

«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան, չշարժվել, չշնչել, չժպտալ, չծիծաղել։ Էլ ի՞նչ չանենք»,-ի պատասխան հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։


Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Placeholder