Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Իրավունք
15:19 25/02/2025
Հայաստան

Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց

Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Նախքան հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթը, Սամվել Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը միջնորդեց Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը հանել։

«Այս պահի դրությամբ պաշտպանյալիս նկատմամբ կիրառված է խափանման միջոցների համակցություն, մանավորապես բավական խոշոր չափով գրավ, բացակայելու արգելք, վարչական հսկողություն։

Հաշվի առնելով, որ համակցությունն կիրառվել է այն ժամանակ, երբ ունեինք վկայի հարցաքննության խնդիր,  միջնորդում ենք համակցությունից հանել վարչական հսկողությունը»։ 

Հանրային մեղադրողն առարկեց. «Այդ խափանման միջոցը պետք է պահպանվի։ Այդ խափանման միջոցի կիրառման պայմաններում են զսպվել այն ռիսկերը, որոնք տեսել ենք։ Ուստի այս փուլում առարկում եմ ներկայացված միջնորդությունը»։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դատարանը որոշեց խափանման միջոցներից երեքից երկուսը վերացնել՝ բացակայության արգելքը մնում է,  հանվեց գրավն ու վարչական հսկողությունը։

«Կարծում եմ՝ տրամաբանական որոշում էր, որովհետև  վարչական հսկողությունը կիրառվել էր վկայի նկատմամբ ինչ-որ գործողություն անելու ռիսկը հաշի առնելով։ Վկան հարցաքննված, ավարտված է»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

2024 թ. ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։  Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

 

Placeholder