Երևանի մարզահամերգային համալիրում  ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
Քաղաքական
14:25 25/02/2025
Հայաստան

Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք ներկայացնում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ և օպերատորները, և՛ հյուրանոցները, և՛ ավիափոխադրողները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց  ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը մեծ և կարևոր հարթակ է միջազգային համագործակցության համար՝ միջազգային ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայանալ Հայաստանում և ՀՀ տնտեսվարողներին ներկայանալ միջազգային շուկաներում։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ տեղեկացրեց, որ Երևանի մարզահամերգային համալիրում  է ապրիլի 4-6-ը կայանալու ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։

Նրա խոսքով, միջոցառումն իր մասշտաբներով լինելու է աննախադեպ:

«Մենք, իհարկե, ունեցել ենք Հայաստանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի լավ փորձ: Ինչ վերաբերվում է ITF Armenia 2025-ին, այս մասշտաբային իրադարձությունը ոչ միայն ցուցահանդես է լինելու, այլ մեծ գործուն հարթակ՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար, կոնսոլիդացվելու, ոլորտում ընդհանուր տեսլական ունենալու, ակտիվ և արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա հավելեց, որ ցուցահանդեսը լինելու է ամենամյա և լավ հնարավորություն է ոչ միայն միջազգային համագործակցության, այլև ներքին զբոսաշրջային ռեսուրսներն ու արդյունքները բացահայտելու, զարգացնելու, մրցունակ պրոդուկտներ ստեղծելու հնարավորություն։

«Սա նաև Հայաստանի ու հայաստանցիների համար շատ լավ հնարավորություն է՝ արտագնա զբոսաշրջության և արտագնա հանգստի նոր հնարավորություններ բացահայտելու, այդ հնարավորություններից օգտվելու, նորարարական մոտեցումների առումով».-ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:


Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մասնավոր հատվածը բավականին ակտիվ է գործում և տեղական, հարևան, տարածաշրջանի, և ծոցի, ինչպես նաև միջինասիական երկրների, ԱՊՀ և Չինաստանի գործընկերների հետ:

Placeholder
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը