Փաշինյանն այս պայքարում պարտվելու է. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
17:25 26/02/2025
Հայաստան

Փաշինյանն այս պայքարում պարտվելու է. Իշխան Սաղաթելյան

«Դա խաղաղության պայմանագիր չէ, դա  կապիտուլյացիայի, Հայաստանի նվաստացման պայմանագիր է»,- ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին հարցերին։

Նա նշեց, որ Հայաստանն ամեն անգամ բավարարում է Ադրբեջանի պահանջները, Ադրբեջանը ներկայացնում է նոր պահանջներ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, Սահմանադրության փոփոխությունից, դրանք բոլորը Ադրբեջանի պահանջներն են, որոնք Հայաստանի խամաճիկ կառավարությունը հերթականությամբ  իրականացնում է։ Հետևաբար, դա չի կարող լինել խաղաղության պայմանագիր, համապարփակ, նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որով երբեք  խաղաղության չենք հասնի»։

Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թիրախավորում է ՀՅԴ-ին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր և իրենց հակադրության բուն պատճառը շատ ավելի խորքային է, խորը գաղափարական է։ Մեր պատկերացրած Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը,  տարբեր բաներ են։ Ինքը խորքային ատելություն ունի ազգայինի նկատմամբ,  ազգային գաղափարախոսության  նկատմամբ և այդ նույն ատելությունն ունի Թուրքիան ու Ադրբեջանը։

Եվ քանի որ ինքն այդ գծի կրողն է, բնական է իր և մեր այս հակադրությունը։ Ինքն իր գործունեությամբ, քարոզչամեքենայով վերջին տարիներին ՀՅԴ դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան բոլշևիկյան կառավարությունը 70 տարիների ընթացքում։ Հետևաբար, սա ավելի է շարունակվելու, ավելի է խորանալու ու այս պայքարում պարտվելու է ինքը, որովհետև ինքը  հակապետական է, հակահայկական է, հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։

ՀՅԴ-ն  135 տարվա իր կենսագրությամբ ապացուցել է, որ սրանք անցողիկ են, մնայուն է Հայաստանը, հայ ժողովուրդը, հայկական շահերը, որի հետապնդման ուղղությամբ մենք անզիջում ենք»։ 

Placeholder