Ես առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր ու տեսնել՝ կռվե՞լ ենք, թե՞ ոչ․ Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
20:14 26/02/2025
Հայաստան

Ես առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր ու տեսնել՝ կռվե՞լ ենք, թե՞ ոչ․ Ռուբեն Մխիթարյան

«Ես չգիտեմ,թե որտեղ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ Սարիկ Մինասյանը,բայց  ես պատերազմն սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, եղել եմ Ստեփանակերտում»,- Երևանում գյումրեցի ուսանողների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ արել է հնարավոր այն ամենը, ինչը վերաբերել է ոչ միայն մասնագիտական աշխատանքին, այլև շատ ու շատ այլ հարցերի։

«Պարզապես, պատերազմական գոտում իրականում եղած մարդիկ շատ հաճախ խուսափում են պատմել պատերազմի հետ կապված դեպքերի մասին, ես նույնպես չեմ պատմելու։ որովհետև չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք գնացել են իրենց խղճի կամոք, իրենց հոգու և հայրենիքի կանչով, ինչ-որ մի մեծ բան են արել իրենց հայրենիքի համար։ Ո՛չ, եթե մեծ բան արած լինեինք հայրենիքի համար, կկարողանայինք մեր հայրենիքը պահել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սարիկ Մինասյանի՝  «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել» արտահայտությանն, ապա Մխիթարյանն արձագանքեց․

«Ես առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր ու տեսնել՝ կռվե՞լ ենք, թե՞ոչ։ Առաջարկում եմ Սարիկ Մինասյանին հանդիպել Աստղ Գալեյանի կամ անմահացած զինծառայողների  մյուս ծնողների հետ և իրենց ասել՝ կռվել ենք,թե ոչ։ Մենք կռվել ենք, բայց դավաճանված պատերազմում որքան էլ կռվես, միևնույն է, պարտվելու ես»։

Մխիթարյանը քաղաքական հակառակորդ Սարիկ Մինասյանի մեկ այլ արտահայտության ևս արդրադարձավ։

«Սարիկ Մինասյանն ասում է՝  չի լսել, որ Փաշինյան Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Հասկանում եմ, որ ով մտնում է «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» մի քիչ Նիկոլ է դառնում, բայց Սարիկը ինչ-որ շատ արագ դարձավ, անկուսակցականից միանգամից կարկառուն ՔՊ անդամ։ Սարիկ, նայիր իմ համաքաղաքացի Հովիկ Աղազարյանին ու պատկերացրու,թե ինչ կարող է լինել քո հետ»,- ասաց Մխիթարյանը։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։


 

Placeholder