Էմիգրա՞նտ ենք, ի՞նչ ենք, հինգ տարի չեկաք, ասեք՝ ո՞նց եք ապրում. Գյումրեցի տարեց կինը՝ Սարիկ Մինասյանին
Քաղաքական
14:30 26/02/2025
Հայաստան

Էմիգրա՞նտ ենք, ի՞նչ ենք, հինգ տարի չեկաք, ասեք՝ ո՞նց եք ապրում. Գյումրեցի տարեց կինը՝ Սարիկ Մինասյանին

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը ՔՊ ցուցակով պատրաստվում է առաջադրվել ավագանու արտահերթ ընտրություններին, այսօր այցելել է Ավտոկայան թաղամաս ու լսել բնակիչներին։

Գյումրեցիները, մեղմ ասած, իշխանության թեկնածուին  ներկայացրել են այն թշվառ պայմանները, որոնցում իրենք շարունակում են ապրել այն դեպքում, երբ պաշտոնյաները մեծ պարգևավճարներ են ստանում, իրենց սպասարկող լավ մեքենաներ են գնում, ընտանիքների անդամների հետ, մեծ պատվիրակություններով անդադար գործուղումների են մեկնում։

«26 տարի է՝ արդեն տարբեր տներում վարձով եմ ապրում, սա արդեն 10-րդ տունն է, որ վարձով եմ ապրում։ Ո՞ւր գնամ ապրեմ, ինձ ասում են՝ քուր, ախպեր չունե՞ս, գնա իրենց հետ ապրի։ Ես չգիտեմ՝ ինձ հետ ինչ պիտի լինի»,-ասաց տարեց կինը՝ դիմելով Սարիկ Մինասյանին։

Վերջինն առաջարկեց մի դիմում գրի, եթե ծրագիրը շարունակվի, հաշվի կառնեն։

«Ներողություն, էմիգրա՞նտ ենք, փախստակա՞ն ենք, ի՞նչ ենք, որ էս թաղամասի վրա ուշադրություն դարձնող չկա, լքված ենք,  ցավին՝ անտեղյակ, դավին՝ անտարբեր։ Նեուժելի էս մի թիքա ճանապարհը չի լինի սարքել։ Բա հինգ տարի չեկաք, ասեիք, ոնց եք ապրում։ 82 տարեկան եմ, միայնակ կին, չգիտեմ՝ ինչքան կապրեմ, մի սոցիալական սենյակ գոնե տվեք»,-դժգոհեց մեկ այլ տարեց կին՝ Ժենիկը։

Ի պատասխան քաղաքացու, ՔՊ-ին հապճեպ անդամակցած Սարիկ Մինասյանն ասաց, բնակիչներն են իր հետ հանդիպում խնդրել։

«Լուսավորության խնդիր ունենք, ամեն խնդիր էլ ունենք, շների խնդիր էլ ունենք»,-արձագանքեցին բնակիչները։

Ի պատասխան Մինասյանն ասեց՝ Երևանից մարդիկ են եկել, շներին հավաքում են, տանելու են, ստուգելու են, ստերջացնեն։

Լուսանկարը՝ «Մեդիահաբ»-ի տեսանյութից։

Placeholder