ԱԽՔ-ն արձագանքել է Վարդան Օսկանյանի՝ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, պահանջին
Քաղաքական
16:38 28/02/2025
Հայաստան

ԱԽՔ-ն արձագանքել է Վարդան Օսկանյանի՝ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, պահանջին

«Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտոիղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցերին, թե Բաքվում պահվող հայ գերիերին վերադարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, արդյո՞ք տեսել են  Ռուբեն Վարդանյանի լուսանկարները։ 

Նա հիշեցրեց, որ այսօր ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, ապա նշեց, որ ամբողջ ընթացքում Հայաստանի կառավարությունը օգտագործել է բոլոր գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել:

«Լուծումն այն է, որպեսզի բոլոր գերիներն ազատվեն, այսինքն այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստան: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր  գերիները, որոնք Ադրբեջանում են։

Հրապարակային շատ ջանքերի մասին դժվար կլինի խոսել։ 

Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա այդ մասով, բայց հարցը շատ նուրբ է, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքը, որ բոլոր գերիներն ազատվեն և գան Հայաստան, ամենօրյա է, ամենժամյա է: Հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, որ այս պահին Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է և  կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Ա.Գրիգորյանն ասաց. «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները, մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Գերիներ ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք, որպեսզի փորձենք այդ հարցին լուծում գտնել»:

Նա նշեց,  որ բոլոր երկրների հետ էլ շփումներում այդ հարցերը բարձրացվում են:

«Մեզ բոլորիս մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված նկարները, մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասով: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Եվ մեր աշխատանքները, բնականաբար, նախկին ռիթմով չեն ընթանում, փոփոխություն կա»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք՝  ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պահանջել էր, որ  Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան: 

Placeholder
ԱԽՔ-ն արձագանքել է Վարդան Օսկանյանի՝ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, պահանջին