Միջնադարում հայկական քանդակը մեծ ազդեցություն է ունեցել հարևան ժողովուրդների արվեստի վրա, օրինակ՝ սելջուկների, վրացիների. Զարուհի Հակոբյան
Մշակույթ
11:38 28/02/2025
Հայաստան

Միջնադարում հայկական քանդակը մեծ ազդեցություն է ունեցել հարևան ժողովուրդների արվեստի վրա, օրինակ՝ սելջուկների, վրացիների. Զարուհի Հակոբյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է հայկական միջնադարյան քանդակի խորհրդաբանությունն ու ոճը, ինչպես նաև հարևան մշակույթների հետ ունեցած փոխառնչությունները: 

«Հայ միջնադարյան քանդակին նվիրված իմ ուսումնասիրությունները սկսել եմ ԵՊՀ-ում դասավանդելուն զուգահեռ. ունեմ միայն քանդակին նվիրված մոտ 60 հրատարակում։ Մեր խմբի մյուս 4 անդամները ևս արվեստաբաններ են, որոնք երկար տարիներ զբաղվում են քանդակի ուսումնասիրությամբ և ունեն բազմաթիվ հոդվածներ։

Ինչ վերաբերում է վաղ և հասուն միջնադարի քանդակի տարբերությանը, ապա մեր թիրախավորած շրջանի՝ 12-14-րդ դարերի քանդակի թեմատիկան ավելի բազմազան է և հարուստ: Բացի ավանդական՝ ավետարանական տեսարաններից՝ նրանում բազմաթիվ են կենդանապատկերները: Ուսումնասիրվող ժամանակահատվածում բարձր զարգացում և նոր գեղարվեստական ոճ է ձեռք բերում զարդաքանդակը»,- ԵՊՀ կայքին տված հարցազրույցում ասել է Զ. Հակոբյանը։ 

«Միջնադարում քանդակը եկեղեցական ճարտարապետության և կոթողային հուշարձանի անբաժան մասն է եղել։ Այն կոչված էր իրեն հատուկ գեղարվեստական միջոցներով ազդելու ժողովրդի լայն շերտերի վրա: Թիրախը մասնավորապես նրանք էին, ովքեր գրագետ չէին, ուստի տեսողական արվեստի ազդեցությունը նրանց համար առաջնային էր։ Քանդակային պատկերների՝ ավետարանական տեսարանների, Քրիստոսի և Տիրամոր կերպարների, ինչպես նաև այլաբանական կենդանիների և թռչունների միջոցով արտահայտվում էին կրոնական պատկերացումները։ Քարով չափազանց հարուստ Հայաստանում քանդակի համար օգտագործվել են գրեթե բոլոր քարատեսակները, որոնցով և կառուցվել են բուն եկեղեցական հուշարձանները: Առավել հաճախ կիրառված քարերից են տուֆը, բազալտը, անդեզիտը, կրաքարը և այլն։     

Մեր խմբի ներկայիս նախագիծը (ինչպես նախորդը) ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքի հուշարձանները, ներառված են նաև Արցախի և Անիի՝ Զաքարյան շրջանի կառույցները։ Այս ընթացքում հրատարակել և շրջանառության մեջ ենք դրել որոշ չուսումնասիրված քանդակային օրինակներ, բացահայտել ենք դրանց փոխառնչությունները ողջ արևելաքրիստոնեական և իսլամական աշխարհի քանդակային նմուշների հետ։ Ինչպես երևում է արձանագիր և գրավոր աղբյուրներից, Հայաստանում քանդակագործ վարպետները հայեր էին։ 12-14-րդ դարերում նրանք ակտիվ մասնակցել են նաև սելջուկյան Անատոլիայի կառույցների շինարարությանը։ Քարգործ վարպետները սովորաբար գործում էին արհեստանոց-խմբերով (արհեստագործական արտելներով), իսկ երբեմն նրանցից ոմանք կարող էին նաև հոգևորականներ լինել։

12-14-րդ դարերում ողջ Առաջավոր Արևելքը և Հարավային Կովկասն ունեին առևտրական և միջմշակութային սերտ կապեր. դա չէր կարող չանդրադառնալ արվեստի զարգացման, բնականոն փոխառությունների վրա: Հայկական քանդակը իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել հարևան ժողովուրդների արվեստի վրա, օրինակ՝ սելջուկների, վրացիների: Վերջիններիս դեպքում փոխազդեցությունը բավական զգալի է»,- ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 


 

 

Placeholder