«Ուիգմոր» ԲԿ-ում տեսչական մարմինը պետք է վարչական վարույթ սկսի. «Փաստինֆո»
Իրավունք
16:07 01/03/2025
Հայաստան

«Ուիգմոր» ԲԿ-ում տեսչական մարմինը պետք է վարչական վարույթ սկսի. «Փաստինֆո»

«Մահվան ելքով պլաստիկ վիրահատությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր հետ կապվող «Ուիգմոր» ԲԿ լիցենզիան կասեցնելու հարց առողջապահության նախարարության օրակարգում դեռևս չկա։ Հարցն օրակարգ կարող է բերվել միայն տեսչական մարմնի ուսումնասիրություններից հետո կառույցի կողմից ներկայացվող միջնորդությամբ»,-այս մասին գրում է  «Փաստինֆո»-ն։

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանն աղբյուրի հետ զրույցում նշել է, որ մահվան դեպքով քննչական մարմինները զբաղվում են, բայց տեսչական մարմինն այստեղ ունի լուրջ գործառույթներ իրականացնելու, որովհետև սա աղմկահարույց դեպք է, պետք է վարչական վարույթ իրականացվի։

«Այսինքն՝ «Ուիգմոր»-ում պետք է ուսումնասիրվեն լիցենզիան, բժշկական սպասարկման ընթացակարգերը, օրինակ, կոնկրետ տեղեկատվություն կա, որ տվյալ անձին կատարվել է արյան փոխներարկում, պետք է դա ճշտել, թե որքանով է դա հավաստի։ Փոխներարկման ընթացակարգերի վերաբերյալ տեսչական մարմինը լուրջ ուսումնասիրության գործիքներ ունի, պետք է ուսումնասիրվեն կադրերը՝ ովքեր են եղել հերթապահության ընթացքում, բուժքույրեր եղել են, թե ոչ, արդյոք ունեն համապատասխան հավաստագիր, թե՝ ոչ»,- նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունների հիման վրա Տեսչական մարմինը պետք է որոշում կայացնի՝ կասեցման միջնորդությամբ դիմելու վերաբերյալ, թե ամեն ինչ ճիշտ է արվել։

Պողոսյանը տեղեկություն չունի՝ այս պահին վարույթ արդեն իրականացվում է ՏՄ-ում, թե՝ ոչ, պատրաստվում է առաջիկա օրերին գրություններ հասցեագրել։

Թե որքանով է հավանական, որ ՏՄ-ն վարույթ կհարուցի այս ԲԿ-ի վերաբերյալ, որի արդյունքում ՝ կկասեցվի գործունեությունը՝ Պողոսյանը նշեց, որ այդ ԲԿ-ի հետ կապված ցավալի փորձ ունի, երբ կարմրուկով հիվանդի առաջին դեպքը հայտնաբերվեց այդ ԲԿ-ում, որը եղել է ներհիվանդանոցային վարակ, այսինքն՝ կարմրուկի՝ Հայաստանյան վարակումը եղել է բացառապես «Ուիգմոր»-ի բուժքույրի միջոցով, որը այն Հայաստան էր բերել այլ երկրից։

«Մենք պաշտոնական գրություններ ուղարկեցինք Տեսչական մարմնին, սակայն ծիծաղելի պատասխան է եկել, որ իրավասություն չունեն ուսումնասիրություն կատարելու։ Փորձն ունենալով՝ առանձնապես հույս չունեմ, որ կլինի անաչառ և օբյեկտիվ, միևնույն ժամանակ, չեմ ցանկանում գնահատական տալ ՏՄ գործունեությանը, սակայն գրություններ կլինեն համապատասխան»,- նշել է իրավապաշտպանը։

Placeholder