Մանե Թանդիլյանը, ևս երկու քաղաքացի շարունակում են հացադուլը. «Գիշերները բավականին ցուրտ են, առողջական որոշակի խնդիրներ առաջանում են»
Քաղաքական
13:41 03/03/2025
Հայաստան

Մանե Թանդիլյանը, ևս երկու քաղաքացի շարունակում են հացադուլը. «Գիշերները բավականին ցուրտ են, առողջական որոշակի խնդիրներ առաջանում են»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արդեն երրորդ օրը հացադուլ է հայտարարել՝ իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։

Մանե Թանդիլյանի հետ հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը։

Մանե Թանդիլյանը չցանկացավ զրուցել, քանի որ  ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր։

«Շտապօգնության  բժիշկները եկել են երեկ, առաջին օրը։ Բավարար են գնահատում վիճակները։ Հացադուլն, առավել ևս եղանակային պայմանները, գիշերները բավականին ցուրտ է լինում, որոշակի խնդիրներ առաջացնում են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացումը, այս քայլը խնդրանք է առաջին հերթին Ռ. Վարդանյանին՝  դադարեցնել հացադուլը, յուրաքանչյուր օրը  կարող է կյանքի համար անդառնալի լինել։

«Հասկանում ենք, որ այս քայլով նաև Ռուբեն Վարդանյանն համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրում՝  ցույց տալով, որ նորմալ, քաղաքակիրթ գործիքները սպառված են, միջազգային հանրությունը ոչ միայն բավարար ուշադրություն չի դարձնում, նաև իր լռությամբ աջացում է այն հանցագործություններին, որոնք ալիևյան ռեժիմն իրականացնում է։

Իսկ Հայաստանից այս քայլով  հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը, որ հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչքան էլ իշխանությունները տոտալ լռությամբ են այս պրոցեսը ղեկավարում։ Պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը լուռ չէ, սպասում է մեր հայրենակիցների վերադարձին։

Կարևոր է միջազգային հանրությունն արթանան և գործուն, արագ քայլեր ձեռնարկի»,- ասաց Մ.Առաքելյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի հայտարարությանը, որ՝ «մենք բանակցություններում գերիների  հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում բարձրացնում ենք Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այդ ուղղությամբ արվում են, գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում», Մ.Առաքելյանն ասաց. «Արդեն անիմաստ է Փաշինյանի խոսքերը մեկնաբանել։  Փաշինյանը կամ մնացած պաշտոնյաները, որոնք երբեմն իրենց մտահոգությունն են արտահայտում, մտահոգվել կարող են քաղաքացիները, երկրի ղեկավարի  գործը մտահոգվելը չէ, առավել ևս դրա մասին խոսելը։ Երկրի ղեկավարի գործն  այդ խնդիրները կարգավորելն է։ Նույնիսկ այն թեզը, որ լուռ զբաղվում են, եթե  նույնիսկ հավատանք այդ ամենին, ինչ ունենք։ Չկա որևէ արդյունք։ Սա իրենց պարտականությունն է՝ Հայաստանի քաղաքացիների պաշտպանությունը բոլոր հնարավոր միջոցներով։

Եթե իրենց աշխատանքը լուռ է, այդ լռությամբ կատարվող աշխատանքից հետո պետք է լինի միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, պահանջները, գործողություններն ուղղված Ադրբեջանին, բայց միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանի նման լուռ է այս հարցում»։

Հացադուլին միացած Վարդան Ավագյանն ասաց, որ իրենց խնդրանք է Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. «Պետք է հասկանա, որ մենակ չէ, մենք այտեղից իրենց հետ ենք, աջակցում ենք»։ 

Նա նշեց, որ անձամբ ճանաչել է Ռուբեն Վարդանանին, ծանոթ է նրա բոլոր գործերի նախագծերին։

«Բաքվի բանտերում դատվում են մեր հայ ընկերները։ Խնդրանքս է հայ ազգին՝ դիմել գործողությունների մեր գերիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասաց Վ.Ավագյանը։ 

Արտավազդ Ալավերդյանը նշեց, որ առողջական վիճակը բավարար է, թեև ինչ-որ տատանումներ կան։ 

«Մենք մեր տղաների կողքին ենք, սատարում ենք իրենց։ Մենք  այստեղից իրենց սատարելու հնարավորություն ունենք, եթե ունենայինք  հնարավորություն իրենց հետ այնտեղ այդ պայքարը տանել, կտանեինք, կաջակցեինք»,- ասաց հացադուլի մեջ գտնվող Ա. Ալավերդյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Մանե Թանդիլյանը, ևս երկու քաղաքացի շարունակում են հացադուլը. «Գիշերները բավականին ցուրտ են, առողջական որոշակի խնդիրներ առաջանում են»