Առաջին հերթին ՀՀ իշխանությունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք Բաքվի բանտերում են. Արտակ Բեգլարյան
Իրավունք
15:27 03/03/2025
ԼՂՀ

Առաջին հերթին ՀՀ իշխանությունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք Բաքվի բանտերում են. Արտակ Բեգլարյան

«Մտահոգված ենք և զգում ենք, որ մենք էլ ունենք մեր բաժին պատասխանատվությունը, որ մեր հայրենակիցներն այնտեղ տառապում են ադրբեջանական խոշտանգումների անմարդկային վերաբերմունքից»,-Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի  ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախկին մարդու իրավունքի պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բքվում դատվում  է միջազգային իրավունքը, բայց առաջին հերթին մենք ենք դատվում։
Բաքվում դատվում է հայ ժողովուրդը, իր իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը և ամբողջ Արցախի Հանրապետությունը»,-ասաց Բեգլարյանը։

Նա հայտարարեց, որ բոլորիս ձախողումների և բացթողումների հետևանքով է, որ Բաքվի բանտերում այսօր հայ գերիներ կան։

«Բայց բոլորս կրկին պետք է հիշենք, որ առաջին հերթին այն ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է ազատել ու պաշտպանել մեր գերիներին։ Սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք այնտեղ են»,- հայտարարեց Բեգլարյան և հավելեց, որ դրանից հետո նոր միջազգային կառույցներից ու կազմակերպությւոններից  պետք է ունենալ ակնկալիք։

Նշելով, որ վիճակը գնալով ծանրանում է՝ Արտակ  Բեգլարյանը հավելեց, որ այդ պատճառով պարտադրված  են խոշտանգումների, դատական ֆարսի մասին խոսել ՀՀ համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների առաջ։

Արցախի Հանրապետության նախկին պետնախարարը հայտարարեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից ակնկալում են, որ մշտական ուշադրության կենտրոնում կպահեն Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը և նրան համոզեն դադարեցնել հացադուլը։

Արցախի նախկին ՄԻՊ-ը հիշեցրեց, որ երբ արցախցիներին ադրբեջանցիները պահում էին բլոկադայի մեջ և ագրեսիա էին կիրառում, ՄԱԿ-ը և միջազգային կառույցները լռում էին, իսկ այսօր քաղում են այդ լռության պտուղները, երբ ադրբեջանական իշխանությունները պահանջում են  իրենց երկրում դադարեցնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի մյուս կառույցների գործունեությունը։

Բեգլարյանը ԿԽՄԿ-ին և իրավապաշտպան մյու միջազգային կառույցներին հորդորեց գործուն քայլեր ձեռնարկել Իլհամ Ալիևին միջազգային դատարաններով քարշ տալու համար։


Placeholder