Չեմ ասում՝ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կարող եմ իշխանության անգործության վերաբերյալ իմ մտահոգությունն արտահայտել. Խամոյան
Քաղաքական
14:43 04/03/2025
Հայաստան

Չեմ ասում՝ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կարող եմ իշխանության անգործության վերաբերյալ իմ մտահոգությունն արտահայտել. Խամոյան

«Ինձ մոտ տպավորություն էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո կոնսենսուս -1 էր ձևավորվել և -1-ը Ռոբերտ Քոչարյանն էր»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով հարցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները հեռակա «իրար են տալիս»։

Նա հիշեցրեց, որ Ռ.Քոչարյանը խոսելով ընտրությունների, փողոցային ապագա պայքարներում ունենալիք դերի մասին, ասել էր՝ արտահերթ, հերթական ընտրությունների, փողոցային պայքարի դեպքում զգալի մասնակցություն է ունենալու իր ղեկավարած ուժը։

«Դրանից հետո եղան տարբեր գնահատականներ, հատկապես ընտրությունների մասով ինձ համար անհասկանալի գնահատականներ, որովհետև երկրորդ նախագահը քաղաքական երեք սցենար  մատնացույց արեց և ընդգծեց, որ երեք սցենարի դեպքում էլ «Հայաստան» խմբակացությունը, իր գլխավորած ուժը զգալի մասնակցություն է ունենալ։ Դրանից հետո եղան գնահատականներ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից։

Չնայած մեր արձագանքի բացակայությանը, միևնույնն է՝ ստացան շարունակական բնույթ։ Նման պայմաններում, ես չեմ կարծում, որ որևէ մեկի համար անսպասելի էր, զարմանալի էր, որ արձագանք կլիներ նաև երկրորդ նախագահի կողմից, այս դեպքում գրասենյակի ղեկավարի կողմից»,- ասաց Ա. Խամոյանը։

Նա նշեց, որ 2018 թվականին եղել է  ջենթելմենային պայմանավորվածություն՝ չհիշել անցյալը, չանդրադառնալ 2018 թվականի իշխանափոխության շրջանակներում առաջացած մի շարք հարցադրումների, ընդունել իրականությունը, որ կա իշխանություն, որը Հայաստանը, Արցախը տանում է կործանման, չխփել իրար, մեկ միասնական դաշտում պայքարել այս իշխանությունների դեմ որպես մեկ միասնական ընդդիմություն, բայց բայց որպես մեկ թիմ. ««Հայաստան» խմբակցության պատգամավորներից  որևէ մեկը չի հիշեցրել, թե 2008-2018 թթ. ինչ հակաքարոզչություն է իրականացվել, կամ մեր որևէ գործընկեր, չնայած ունեցած հարցադրումներին 2018 թվականի հետ կապված, չի բարձրաձայնել։ Օրինակ, հարցեր ունեմ 2018 թվականի հետ  կապված։ Ձեզանից շատերն էլ են ունեցել այդ հարցադրումը։ Ես չեմ ուզում և չեմ կարող նման պնդումներ անել, որ  2018 թվականին բանծիկով  իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին։ Բայց ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես ու  մեր հազարավոր քաղաքացիներ այդպես էլ չեն ստացել։ Բայց մենք  ներքին պայմանավորվածությունների շրջանակներում չենք բարձրաձայնել այդ մասին։

Ես չեմ ուզում  պնդումներ անել, որ երրորդ նախագահը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունները։

Հարցադրումներից մեկը հնչեցնեմ՝ երբ որ Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է գործել, մուտք է գործել, ներխուժել է հատուկ պահպանվող տարածք՝ Ռադիոտուն, ինչո՞ւ համապատասխան իրավական գործընթաց դրան չի հաջորդել։ Իհարկե, պետք չէր այդ պահին կրակել, բայց պրոտոկոլով չգիտեմ ինչ է նախատեսված հատուկ պահպանվող տարածք ներխուժելու համար։ 

Նման պայմաններում կարող էին լինել արտահերթ ընտրություններ»։

«Հայաստան» խմբակցվության պատգամավորը նշեց, որ պետք է շատ նորմալ, սթափ վերաբերվել իրադարձություններին, իրողություններին։ 

«Ես մեր «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներից նեղացած չեմ։  

Ալեն Սիմոնյանը թող շատ չուրախանա, որևէ մեկը՝ ոչ Ալեն Սիմոնյանին, ոչ իր թիմին և Նիկոլ Փաշինյանին չի մոռացել։ Փոխադարձ հարցադրումները, որոնք հնչում են թիմերի կողմից իրար ուղղված, ամենևին չի նշանակում, որ մեր օրակարգը փոխվել է։ Մեր օրակարգն է՝ իշխանություններին հեռացնելը»,- ասաց Ա.Խամոյանը։ 

Placeholder