Գևորգ Դանիելյան. Այլապես կասեցման բացառությունների ցանկը անհիմն համալրելու մոլուցքը վերջ չի ունենալու
Իրավունք
16:07 04/03/2025
Հայաստան

Գևորգ Դանիելյան. Այլապես կասեցման բացառությունների ցանկը անհիմն համալրելու մոլուցքը վերջ չի ունենալու

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ահազանգում է մի խնդրի մասին. 

«Երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում էր հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, չնչին բացառություններով, դատարանում հայցի ընդունումն ինքնըստինքյան բարար հիմք էր վիճարկվող վարչական ակտը կասեցնելու համար: Սա միջազգային իրավական չափանիշներով համարվում է վարչարարության կամայականություններից խուսափելու կամ գոնե այն մեղմելու երաշխիք: Սակայն այս մի քանի տարիների ընթացքում կասեցումը բացառող հիմքերի ցանկը առնվազն 8 տարբեր օրենքներով համալրվեց (իսկ 2026թ. հունվարի 1-ից չեն կասեցվի նաև հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վիճարկվող ակտերը), ինչի արդյունքում կասեցումը օրինաչափությունից վաղուց վերածվել է բացառության՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ:

Խնդրին մոտ կանգնած գործընկերներիս առաջարկում եմ հրաժարվել միևնույն հոդվածը պարբերաբար անհիմն միջամտությունների թիրախ դարձնելու գայթակղությունից: Վերջին հաշվով, դա դատավարական կանոն չէ, այլ արդարադատության շրջանակում լուծման ենթակա կոնկրետ հարց, ըստ այդմ էլ՝ դատավորը, լինելով արդարադատության իրականացման միակ պատասխանատուն, իրավասու է յուրաքանչյուր գործով ինքնուրույն լուծելու կասեցման հարցը, ինչը նախատեսված է Սահմանադրական դատարանի պարագայում: Այլապես կասեցման բացառությունների ցանկը անհիմն համալրելու մոլուցքը վերջ չի ունենալու:

Ընդ որում, հարկ է վերջ տալ նաև հայցը վարույթ ընդունելու հարցը դատավորին վերապահելու արդյունքում անհարկի ծանրաբեռնվածություն «երաշխավորելու» կարգավորմանը, դրանով կարող է զբաղվել աշխատակազմը: Ընդհանրապես, անհիմն է սահմանադրական և վարչական արդարադատության էական տարբերությունների առկայությունը»։

Placeholder