Կերեք իրար, ընդդիմություն
Քաղաքական
14:25 04/03/2025
Հայաստան

Կերեք իրար, ընդդիմություն

Հանրության՝ անորոշության և կորստի զգացողության ու փաստի ամենօրյա լարվածությունը ընդդիմությունը որոշեց մեկ անգամ ևս «ջրիկացնել». Քանի օր է այս ու այն ճամբարներից, ամենատարբեր «կալիբրներից» խոսքեր է, որ կրակվում  են։

Ո՞րն եղավ այս անգամ տրիգերը։

Դատելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի տակից գրած հայտարարության, էպիստոլյար ժանրի կանոններով, որով դիմում է «տղեքին»՝ մեջբերումներ է անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից, ընդդիմական սիներգիայի իր բանաձևը բերում՝ «2-ը 3-ից մեծ չէ, բայց 1=2=3 և մեծ է ներկայիս 0-ից»։  Սա ի հակադրություն Քոչարյանի խոստովանության, որ ընդդիմության մյուս թևի հետ կա այնպիսի իրավիճակ, որ միավորում չի լինի, հակադարձ սիներգայի հնարավորության պատճառով։

Ինչը այնքան վրդովվեցրեց Արմեն Աշոտյանին, որ քանի օր է պատասխանում է այդ ասուլիսին, ու ասելիքը չի վերջանում։
Այն, որ ընդդիմական միավորում չի՞ ստացվի, որ դա անտրամաբանակա՞ն է։

Բա մենք ինչ ասենք, ՀՀ քաղաքացիներս, որ նայում ենք շուրջներս, տեսնում ահագնացող ու չվերջացող մեր կործանումը, ժամանակ առ ժամանակ թեթև, բայց պինդ բռնած հույսով նայում ընդդիմության շարժումներին, լեզուներս տակներս դրած ոչինչ չենք ասում, որ չխրտնեցնենք, միանում ենք հրապարականերով, փողոցներով, մարզերով ու՝ ոչինչ։

Ի՞նչ չասենք։
Ինքս մի քանի բան ամրագրեցի Քոչարյանի ասուլիսից՝ մեկը panorama.am-ի հարցի պատասխանը, որով ՀՀ երկրորդ նախագահը չնշեց, թե ինչ սխալների կամ պակաս քայլերի պատճառով որերորդ անգամ կոնսոլիդացված հասարակությունը ուղարկվեց տուն։

Հետո՝ որ ընդդիմությունը չի էլ պատրաստվում միավորվել, ու նիկոլների ընտրությունը ժողովրդի ընտրությունն է։

Մյուսը՝ որ Բաքվի բանտում գտնվող ու ադրբեջանական հնարովի դատարանում դատվում է Հայաստանը, մասնավորապես Արայիկ Հարությունյանի՝ այնտեղ տված խոստովանականների պատճառով։

Հաջորդը՝ որ Բաշար Ասադը չպայքարեց ապստամբ փոքրաթիվ ընդդիմադիրների դեմ, այլ թողեց ու փախավ, երկիրը թողնելով հեղափոխականներին։

Չգիտեմ՝ հենց Ասադի մասին էր, թե չէ, բայց այս ասուլիսից հետո նոր թափով ու արդեն ակնառու իրար դիպան ընդդիմականները։ Ընդդիմականնները՝ իրենց «աջակիցներով»։

Աշոտյանի «մենք ի՞նչ մեղք ունեինք, որ «Սերժին մերժելուց» հետո նրանք չկարողացան «պերեխվատ» անել «հեղափոխությունը»» հայտարարությունը թերևս ցույց է տալիս, որ Քոչարյանի ասածները նա ավելի լավ է հասկացել, քան մենք՝ ՀՀ քաղաքացիներս։

Ամենևին միտք չունեմ կետ առ կետ քննելու ընդդիմական դաշտում, կալանքում կամ կալանքներից դուրս նստածների ասածները։ Բայց հիշեցնեմ՝ ԱԺ-ում «Հայաստան դաշինքից» պատգամավոր  Լևոն Քոչարյանի ամեն հարց Նիկոլ Փաշինյանը հանգեցնում է «Քոչարյանի փոքր որդի» գնահատականին ու տանում «ձեր հայրիկին»՝ ՀՀ երկրորդ նախագահին։

Վերջին անգամ՝ փետրվարի 12-ին, ինչին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

Ամենատարբեր լրագրողների ամենատարբեր հարցերից ստացվեց մի խոսք, որին, փաստորեն, չկարողացավ չանդրադառնալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ու՝ գնաաաց։
Ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանը եղավ այս ընդդիմական ճակատման տրիգերը։ Հասկանու՞մ եք։

Թե բա՝ «մենք ինչ մեղք ունենք...»։

Իսկ մենք ինչ մեղք ունենք, մեռանք սպասելով ընդդիմության տիտանական մտքի քաղաքակիրթ քաղաքական ռազմավարության խոստացած «վերջին փամփուշտին»։

Փաստորեն դա էլ չկար։

Հիմա այս, ոչ Էպիստոլյար ժանրով գրած առաջաբանին ինչ բուն նյութ է հաջորդելու. Ես համաձայն եմ, կերեք իրար, ընդդիմություն։ Բայց այնպես, որ Նիկոլին փայ չմնա՝ ոչ ընտրությունների տանելու, ոչ հարցուպատասխանի, ոչ անարդյունք փոքրամասնության, ոչ տոչորուն գրառումների տեսքով։  Կերեք իրար մինչև վերջ։

Գոնե Հայաստանի վերջը չեք տեսնի։

Անահիտ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի

 

 

Placeholder