ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր գերիները երկար մնան Բաքվում. Հացադուլ հայտարարած քաղաքացի
Հասարակություն
16:12 05/03/2025
Հայաստան

ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր գերիները երկար մնան Բաքվում. Հացադուլ հայտարարած քաղաքացի

«Նախօրեին մեզ այցելեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Ես  եմ անձամբ եմ շփվել նրա հետ, մի քանի հարց տվեցի, կցկտուր պատասխաններ ստացա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների հացադուլ անող ՀՀ քաղաքացի Վարդան Ավագյանը։

Նա նշեց, որ գերիների հետ կապված հարց է տվել, իսկ պատասխանն այն է եղել, որ իր լիազորությունների շրջանակներում չէ, ինքը զբաղվում է միայն Հայաստանում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությամբ։

«Այսինքն ստացվում է՝ երբ որ Հայաստանից դուրս ես գնում, այլևս հայ չես»,- նշեց Վ. Ավագյանը։

Նա, ինչպես նաև նրան միացած մեկ այլ քաղաքացի՝ Արտավազդ Ալավերդյանը, որևէ ակնկալիք չունեն ոչ Մարդու իրավունքների պաշտպանից, ոչ էլ Հայաստանի իշխանություններից, որ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ կարող են քայլեր իրականացնել, որոնք կբերեն արդյունքի։

«Իրենից ակնկալիք չունեմ, նաև ողջ կառավարությունից, եթե մի բան կարողանային անել, մինչև հիմա կանեին։ Կարողանալը չէ, ցանկություն չունեն անելու, ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ ինչքան հնարավոր է երկար մնան այնտեղ։ Երբ լսում եմ նրանց, չեմ հավատում, որ այդ մարդիկ Հայաստանի հետ առհասարակ կապ ունեն, թվում է՝ Ադրբեջանի հատուկ դեսպաններն են Հայաստանում»,- ասաց Վ.Ավագյանը։

Արտավազդ Ալավերդյանն ասաց, որ կշարունակի իր հացադուլն այնքան, մինչև Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը չդադարեցնի արդեն 10 օրից ավելի շարունակվող հացադուլը։

«Հուսով ենք՝ մեր բոլոր տղաները կիմանան, որ իրենք մենակ չեն, այստեղ սատարողներ ունեն, իրենց կյանքը թանկ է ու իրենք մեզ, մեր հայրենիքին են պետք»,- նշեց Ա. Ալավերդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր գերիները երկար մնան Բաքվում. Հացադուլ հայտարարած քաղաքացի