Ալեքսիս Օհանյանը TikTok-ը գնել ցանկացողների շարքում է
Տնտեսություն
10:14 06/03/2025
Աշխարհ

Ալեքսիս Օհանյանը TikTok-ը գնել ցանկացողների շարքում է

Ճանաչված գործարար Ֆրենք ՄըքՔորթը երկուշաբթի հայտարարել է, թե Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է TikTok-ի ամերիկյան մասնաճյուղը ձեռք բերելու իր հայտին՝ որպես սոցիալական մեդիայի ոլորտում մասնագիտացած ռազմավարական խորհրդատու: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։ 

Օհանյանը համացանցում բիզնես գործունեության առաջամարտիկներից է, ով հիմնադրել է հայտնի Reddit հարթակը Վիրջինիայի համալսարանի իր սենյակակցի հետ: 2006 թվականին այն վաճառեց Conde Nast-ին, այնուհետև 2014 թվականին կրկին վերադարձավ ընկերություն որպես գործադիր տնօրեն՝ թափ հաղորդելու գործին:

Ալեքսիս Օհանյանը նաև ներդրումներ է կատարել մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Instacart-ում, Patreon-ում և OpenSea-ում:

«Նա մեծ փորձ ունի…, թե որտեղ էր սոցիալական մեդիան և, թե ուր է այն հասնելու»,- նշել է ՄըքՔորթը:

Ըստ ՄըքՔորթի՝ Օհանյանը կօգնի ամրապնդել Project Liberty-ի հայտը՝ TikTok-ի ամերիկյան ակտիվները գնելու համար, և որը նա անվանում է «ժողովրդի հայտ», որովհետև ծրագրում է հավելվածը գործարկել այնպիսի տեխնոլոգիայի հիման վրա, որը թույլ կտա օգտատերերին վերահսկել, թե ինչպես են իրենց տվյալներն օգտագործվելու և տարածվելու:

«Նա կարող է օգնել՝ ապացուցելու, որ մեր գործն արդյունավետ է, և աջակցել գործի սոցիալականացմանը»,- նշել է ՄըքՔորթը: «Մի կողմից, սա նախագիծ է, որն իր հիմքում ունի շատ բարդ տեխնոլոգիա: Հետևաբար, գործ ունենք հատուկ լսարանի հետ, երբ խոսքը վերաբերում է այդ տեխնոլոգիայի հիմնավոր լինելն ի ցույց դնելուն, կամ նեևրկայացնելու, թե ինչպես է այն աշխատում, և ինչու է անհրաժեշտ»:

Օհանյանի հավաստմամբ՝ ոգևորված է նախագծի վրա աշխատելու և մարդկանց փոխանցելու ավելի շատ վերահսկողություն՝ սեփական տվյալները կառավարելու համար։

Բեսբոլային Los Angeles Dodgers ակումբի նախկին սեփականատերը և նրա գործընկերները TikTok-ը գնելու հայտ են ներկայացրել այս հունվարի սկզբին․ մոտենում էր ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանված վերջնաժամկետը, երբ չինական ByteDance ընկերությունը պետք է ամերիկյան որևէ ընկերության վաճառեր իրեն պատկանող TikTok-ի ԱՄՆ-ում գործող մասը:

Գնորդների շարքում է ներդրողների մեկ այլ խումբ՝ տեխնոլոգիական ձեռներեց Ջեսսի Թինսլիի գլխավորությամբ, և խմբի կազմում են YouTube-յան հայտնի ալիքի սեփականատեր MrBeast-ը (Ջիմի Դոնալդսոնը) և Վայոմինգից ձեռնարկատեր Ռեյդ Ռասները:

ՄըքՔորթի խոսքով, Սպիտակ տուն է ուղարկել TikTok-ը գնելու մասին լայնածավալ զեկույց, ներառյալ՝ տեղեկություններ իր ֆինանսական կարողությունների, տեխնոլոգիայի նկատմամբ իր մոտեցման և ազգային անվտանգության հարցերին առնչվող մոտեցումների մասին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Placeholder
Ալեքսիս Օհանյանը TikTok-ը գնել ցանկացողների շարքում է