Փաշինյանն առաջարկում է փակել արտերկրի առաջատար բուհերում սովորողների պետական ֆինանսավորման ծրագիրը
Կրթություն, գիտություն
13:16 06/03/2025
Հայաստան

Փաշինյանն առաջարկում է փակել արտերկրի առաջատար բուհերում սովորողների պետական ֆինանսավորման ծրագիրը

«ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք ուսանող կլինեն օտարերկրյա հեղինակավոր բուհերում, այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսման վարձը»,- կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը ճշտեց, որ առաջատար են համարվում Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում, առաջին 75 բուհերը՝ մագիստրատուրայի դեպքում

Նրա խոսքով աջակցության ծրագիրը կիրառվում է ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռելու համար՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից վերանայման համատեքստում:


Նրա խոսքով՝ համաֆինանսավորմանը պետք է մասնակցի նաև մասնավորը՝ առևտրային կազմակերպությունը, որը պետք է ունենա առնվազն 100 աշխատող, համաֆինանսավորի կրթաթոշակն առնվազն 50 %-ով, որից հետո նախատեսվում է, որ պետությունն ամեն տարի առավելագույնը 10 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի:

«Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի համաֆինասնավորող կազմակերպությունում»,- ասաց Անդրեասյանը:

««Լույս» հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20 % է, որ վերադարձել է Հայաստան, և հետևաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում»,-իր հերթին հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ համանման գործունեություն պատվիրակել են նաև «Իմ քայլը» հիմնադրամին, բայց կրկին 40 տոկոս չվերադարձելիություն է եղել:

«Թվում է, թե Կառավարությունը կա՛մ ուղիղ, կա՛մ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան, սովորեն, բայց գնում են, հետ չեն գալիս»,- ասաց Փաշինյանը՝ և հանձնարարեց մինչև աշուն մոնիտորինգ արվի՝ հասկանալու համար սովորածների վերադարձելիության մասով վիճակագրությունը:

«Եթե արտերկրում կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում, ապա ծրագիրը պետք է փակել»,-ասաց Փաշինյանը՝ նշելով թե, այդքան ռեսուրս չունեն այլ պետություններին որակյալ կադրերով ապահովելու համար:
 

Placeholder