Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ս. Սահակյան. Եթե դուրս ենք գալիս իրավական հարթակներից, ապա ամբողջովին գտնվում ենք անպաշտպան դրության մեջ
Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։ Պաշտոնական այս լուրն ակտիվացրեց խոսակցությունները, խորացրեց մտահոգությունները, որ Հայաստանը միջազգային դատական ատյաններից պատրաստվում է հետ վերցնել Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներն ու հայցերը։
«Սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Եթե դա տեղի ունենա, առավել հիմնավոր կլինեն ենթադրությունները, որ դիմումը պայմանավորված էր այդ գործընթացների հետ, թերևս Կիրակոսյանի դիրքորոշումը, մասնագիտական արժանապատվությունն ընկած են եղել այդ դիմումի հիմքում։ Բայց չենք բացառում, որ դա հնարավոր այլ պատճառներով լինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Միջազգային դատական ատյաններից Հայաստանի ներկայացրած գանգատների, հայցերի հնարավոր հետկանչն անդրադարձ է ունենալու ոչ միայն ՄԻԵԴ-ում, այլև Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործերի վրա։
«Իսկ Արդարադատության միջազգային դատարանում խնդիրը հենց հայերի նկատմամբ էթնիկ ու ազգային պատկանելիության հիմքով խտրական քաղաքականությունն է, որը պետական մակարդակով ծրագրվում, ֆինանսավորվում ու իրականացվում է։ Ընդ որում այդ քաղաքականությունն է, որ ծնում է ազգամիջյան հակասություններ, այս քաղաքականությունն է, որ հանգեցրել է արցախահայերի բռնի տեղահանության, ինչպես նաև հայերի նկատմամաբ միջազգային բնույթի հանցագործությունների կատարման։ Հասկանալի է, որ Ադրբեջանն ինքնուրույն գիտակցմամբ ու սեփական միջոցներով երբեք չի վերացնի այս քաղաքականությունը, ուստի դրա մեղմելու միակ ճանապարհը մնացել է իրավականը։ Ընդ որում իրավական գործընթացների բացակայությունն է, որ, իմ գնահատմամբ, հանգեցրել է ռազմական ուժի կիրառմանը։ Մենք հիմա էլ ամեն օր տեսնում ենք այդ սպառնալիքները, ավելին հայկական կողմը մեղադրվում է սահմանային միջադեպերի համար, որոնք չեն էլ եղել։ Սա կրկին հող է նախապատրաստվում Հայաստանի հանդեպ ագրեսիվ գործողություններ կատարելու համար»,-ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ուժի չկիրառման արգելքը խախտելու նպատակով իմիտացնում է ինքնապաշտպանություն ու կեղծ հիմքեր է ձևավորում։
«Այս քաղաքականությունը հնարավոր է բացառել իրավական գործընթացների միջոցով։ Ցավոք սրտի, Հայաստանն արդեն պարտություն է արձանագրել քաղաքական, ռազմական ոլորտներում, Հայաստանի դիվանագիտությունը չի կարողացել կանխել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը՝ ագրեսիայի տեսքով։ Ստացվում է, որ միակ ճանապարհն իրավականն է։ Եթե մենք դուրս ենք գալիս իրավական հարթակներից, ամբողջովին գտնվում ենք անպաշտպան ու կամայական դրության մեջ»,-ասաց Սահակյանը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։