«Ժողովուրդ». Եթե Արփինե Սարգսյանը իր մտադրությունը փորձի օրենքի ուժով ամրագրել, հակասահմանադրական որոշում է ստանալու
Օրվա մամուլ
08:55 08/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Եթե Արփինե Սարգսյանը իր մտադրությունը փորձի օրենքի ուժով ամրագրել, հակասահմանադրական որոշում է ստանալու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ մտադիր է տարբերվել արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանից և պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, ձախողվելու է ավելի խայտառակ ձևով, քանի որ մի խումբ փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ նախարար Սարգսյանը, եթե իր մտադրությունը փորձի օրենքի ուժով ամրագրել, հակասահմանադրական որոշում է ստանալու:

Ինչպե՞ս՝ մանրամասնենք փաստարկներով. նախ պետք է իրավապահները տան բացատրություն և ներկայացնեն հիմքեր, թե ինչ է նշանակում քրեական աստիճանակարգում կարգավիճակ ունենալը կամ այսպես ասած՝ «օրենքով գողը», որի համար նախարարը պահանջում է պատժել քաղաքացուն: Պատկերացնենք մի իրավիճակ. իրավապահ մարմնի աշխատակիցը քաղաքացուն հարցնում է՝ դուք «օրենքով գո՞ղ» եք, քաղաքացին պատասխանում է՝ ոչ, և հակադարձում՝ գողն էլ, ավազակն էլ, դուք եք: Ի՞նչ է անելու իրավապահ աշխատակիցը. անհասկանալի է: Կամ եթե հարցնի՝ քրեական աստիճանակարգում ի՞նչ կարգավիճակ ունեք, քաղաքացին պատասխանելու է՝ չունեմ որևէ կարգավիճակ: Ի՞նչ է անելու իրավապահը. պարզ չէ:

Կարճ ասած, Արփինե Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտարարությունը մոտավորապես նշանակում է, որ մարդուն հարցնելու են անունը, եթե պատասխանեց, թե ինչ է անունը, ուրեմն պետք է պատժվի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք, քանի որ մարդուն պատժում են իր արարքների համար, այլ ոչ թե ոչինչ չանելու, միայն ապրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց իշխանության ներսում ՆԳ նախարարի այս նոր գաղափարը լուրջ դիմադրության է արժանանում, և դժվար թե կարողանան անցկացնել, քանի որ ակնհայտորեն սահմանադրությանը հակասող սկզբունքներով է կառուցված Սարգսյանի կողմից ներկայացրած օրենքը: Մեզ մնում է սպասել զարգացումներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder