Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Այս կիրակին մեզ հիշեցնում է մեր նախածնողների պատվիրանազանցությունը: Աստված մարդկանց Իր պատկերով և նմանությամբ է ստեղծել և մենք ունենք ազատ կամք, ընդունակ ենք ընտրություն անել: Ինչպես սիրող Հայր, Աստված զգուշացրել էր Ադամին ու Եվային, որ եթե ուտեն արգելված պտուղը, նույն օրը մահով պիտի մեռնեն: Նրանք չպահեցին Աստծո կողմից իրենց տրված պահքի կանոնը և կերան բարու և չարի գիտության ծառի պտուղը:
«Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին զդառնութիւն մեղաց եւ մահու»
Պտղի ճաշակումը առաջին մարդկանց մեղքն է եղել: Ոչ թե պտուղն էր չար, այլ մարդկանց՝ Աստծուն չհնազանդվելը, չհավատալը, չվստահելը: Ադամն ու Եվան չզղջացին իրանց անհնազանդության համար, այլ սեփական հանցանքը թաքցրեցին ինքնաարդարացմամ. Եվան պատճառաբանեց, թե ե՛ս չէի՝ օձը ինձ խաբեց, իսկ Ադամը, թե կինը, որ ինձ տվեցիր, նա՛ ինձ համոզեց: Այսպիսով, գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության արդյունքում արտաքսվեցին դրախտից և դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու:
Սակայն երկրորդ Ադամի՝ Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մեր առջև վերաբացվեց դրախտի ճանապարհը. այն է զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելու միջոցով:
-Ամենախնամ Տեր,
Քո սուրբ երկյուղը իմ աչքերին պահապան դիր,
Որ էլ պագշոտ չնայեն,
Եվ իմ ականջներին՝
Որ չախորժեն լսել չարության խոսքեր,
Եվ իմ բերանին՝ որ սուտ չխոսի,
Եվ իմ սրտին՝ որ չար չխորհի,
Եվ իմ ձեռքերին՝ որ չգործեն անիրավություն,
Եվ իմ ոտքերին՝ որ չգնան անօրեն ճանապարհներով,
Այլ ուղղի՛ր շարժումը սրանց՝
Հետևելու ամեն ինչում Քո պատվիրաններին.
Եվ ողորմի՜ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: