«Ժողովուրդ». Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին
Օրվա մամուլ
08:58 08/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտնի Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործը քննող քննիչը տեղյակ է պահել գործով մեղադրյալների կողմերին, որ առաջիկայում կանչելու է կոմիտե ու որոշման մասին հայտնի։ Իսկ թե ինչ որոշման մասին է խոսքը, չի մանրամասնել։ Ըստ էության, կա՛մ հայտնելու է գործը դատարան ուղարկելու կա՛մ երգչի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հրաչյա Ղևոնդյանի կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը մինչև վերջ պայքարեց, հասավ մինչև Վճռաբեկ դատարան ու արդյունքում պարտվեց, քանի որ կալանքի հիմքեր չկային. ՀՀ դատարանները հրաժարվեցին երգչի որդուն կալանքի տանել։

Ինչպես հայտնի է, 2024 թվականի մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել:

Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաև հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Հավելենք, որ Ղևոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder