Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեխան, որ աչքերով անվերջ նայում է ինձ, ո՞նց կարող եմ նրան վիրավորել. Ս. Տոնոյանն արդեն 55 տարի ռուսաց լեզու է դասավանդում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։
Անդրեասյանի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։
«Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը թողնելու մասին» հարցին ուսուցչուհին հակիրճ ու վճռական պատասխանեց. «Երբեք»։
«Երեխան լույս աշխարհ գալուց առաջինը հայտնվում է բժշկի ձեռքերում, մի քիչ որ մեծանում է, արդեն մեզ մոտ է գալիս։ Դասավանդում եմ 55 տարի, որից 40-ը՝ այս դպրոցում։ Ունեմ աշակերտներ, որոնց պապիկ-տատիկներին դաս եմ տվել։ 55 տարիների ընթացքում էնքան առաջարկներ են եղել, բայց ես երեխաների հետ եմ սիրում աշխատել։ Ես չեմ պատկերացնում, երեխան, որ աչքերով անվերջ նայում է ինձ, ո՞նց կարող եմ նրան վիրավորել կամ նրա վրա բղավել,-պատմում է վաստակաշատ ուսուցչուհին։
Տոնական օրվա հաջորդ կանգառը 119 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի տուն էր։ Այժմ նա դասավանդում է «Արվեստ» առարկան, որը, նրա խոսքով, մեծ ոգևորություն է առաջացնում աշակերտների շրջանում։
Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ ընդգծելով նրանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով, Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգում։
«Ուսուցչի առաքելությունը չի սահմանափակվում դասասենյակով. այն դառնում է հանրային զարգացման կարևոր գործոն»,-նշում են նախարարությունից։