Եթե մեր կարիքը լինի, մենք պատրաստ ենք աջակցելու. ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակը՝ Վերա Աղասյանի մարմնի տեղափոխման մասին
Հասարակություն
17:45 10/03/2025
ԼՂՀ

Եթե մեր կարիքը լինի, մենք պատրաստ ենք աջակցելու. ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակը՝ Վերա Աղասյանի մարմնի տեղափոխման մասին

«Հայկական կողմը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին»,- այդ մասին ադրբեջանական լրավամիջոցին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։


Նա հիշեցրել է, որ հայկական կողմը և զավակները  անցած տարի հոկտեմբերի 20-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից տեղեկացվել է Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մահվան մասին։

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, և անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։


Ադրբեջանից հնչած հայտարարության և մահացած կնոջ մարմնի փոխանցման ընթացակարգերի վերաբերյալ Panorama.am-ը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն։


«Հարցը մեզ չի ուղղված և մենք իրավասու չենք պատասխանել  իշխանությունների փոխարեն։ Մենք առհասարակ չենք մեկնաբանում այս կամ մյուս կողմից արված հայտարարությունները։ Բայց մեր կողմից պատրաստակամությունը մնում է նույնը. այն պահից սկսած, երբ կողմերը գան համաձայնության տվյալ հարցի շուրջ և մեր կարիքն այդ պահին լինի, բնականաբար, մենք պատրաստն ենք աջակցելու և կատարելու այն, ինչ համաձայնեցված կլինի և ընտանիքի համար ընդունելի կլինի»,- ասաց Ամատունին։

Placeholder