Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ հիշեցում՝ չայրե՛լ խոզանները
Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։
Մինչդեռ հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:
Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի նուրբ հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը: Այս խանգարումը կարող է ազդել տեսակների, ինչպես նաև էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկության վրա:
Որոշ էկոհամակարգերի դեպքում երկար ժամանակ է պահանջվում հրդեհից վերականգնվելու համար, հատկապես, եթե հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունը ավելի բարձր է, քան էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկությունը: Ինքնավերականգնման այս երկար ժամանակահատվածը կարող է վտանգել տարբեր բուսական և կենդանական տեսակների, դրանց պոպուլյացիաների վերականգնումը:




