Վերջապես Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը դրվեցին վաճառքի
Սպորտ
17:28 11/03/2025
Հայաստան

Վերջապես Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը դրվեցին վաճառքի

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Խաղից ընդամենը 9 օր առաջ ֆեդերացիան սկսեց տոմսերի վաճառքը։

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում:

Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում.

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավել, քան 4 տոմս:
Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի իր անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ տոմս գնելու հնարավորություն ունենալու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ մինչև 30 րոպեի ընթացքում:

«Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով:

Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը նախորդ հանդիպումների համեմատ մնացել են անփոփոխ:

Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,-նշում են ֆեդերացիայից։

Placeholder