Այո՛, տնտեսական աճը ներառական չէ, այն հավասարաչափ չի բաշխվում. Արմեն Քթոյան
Տնտեսություն
16:07 12/03/2025
Հայաստան

Այո՛, տնտեսական աճը ներառական չէ, այն հավասարաչափ չի բաշխվում. Արմեն Քթոյան

Ըստ պաշտոնական վիճակագրության 2018 թվականից հետո միջին աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Գնաճն էականորեն զիջում է աշխատավարձերի աճին, սակայն աղքատության մակարդակը գրեթե նույնն  է մնացել, ինչ 2018 թվականին։ Վերոնշյալ հակասությունը պարզաբանելու նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին։

Ա. Քթոյան-Եթե 2018 թվականի հետ համեմատենք միջին անվանական աշխատավարձը, ապա2024 թվականի  դեկտեմբերին  այն կրկնապատկվել է՝ կազմելով 350 հազարից մի փոքր ավել։ 2018 թվականին միջին ամսական աշխատավարձը եղել է 172  հազար դրամ։

Եթե դիտարկենք սպառողական զամբյուղը, ապա պետք է արձանագրենք, որ այն միարժեք հասկացություն չէ, տարբեր սպառողական զամբյուղներ կան։ Եթե մենք գնահատում ենք այն սպառողական զամբյուղը, որը հաշվարկվում է աղքատության գնահատման համար, ապա պետք է հաշվի առնենք, որ մեթոդաբանությունների փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում համադրելիության հետ կապված հարցեր են առաջացել։

Եթե դիտարկենք պարենային զամբյուղը, որը նաև անվանում են ծայրահեղ աղքատության գիծ, ապա տնային տնտեսության մեկ անդամի հաշվով օրական այն համարժեք է 2300 կիլոկալորիա էներգետիկ արժեկին համապատասխան սպառման համար անհրաւժեշտ ծախսին, ապա այն 2018 թվականին կազմել է մոտ 25 հազար դրամ։
 
Այսինքն այն անձինք, որոնց ամսական սպառումը պակաս է եղել 25 հազար դրամից, այդ անձինք համարվում են ծայրահեղ աղքատ է և չեմ կարող իրենց թույլ տալ պարենային այդ զամբյուղի ձեռքբերումը։

Վերջին՝ 2023 թվականի գնահատականներով , պարենային զամբյուղի աճը շատ մեծ չի եղել՝ գտնվելով 30 հազարի տիրույթում, իսկ 2024 թվականի համար շատ գնահատականներով 32 հազար դրամի տիրույթում է։

Եթե մենք սպառողական զամբյուղ դիտարկենք այն, որի հիման վրա հաշվարկվում է հենց բուն աղքատության մակարդակը՝ աղքատության միջին գծի զամբյուղը 2023 թվականին մոտ 54 հազար դրամ է, իսկ 2019 թվականին այն եղել է 44 հազար դրամ։ 4-5 տարվա ընթացքում նրա գնային աճը կազմելէ 10 հազար դրամ։

Եթե դիտարկենք գնաճը, ապա այստեղ գնաճի բավականին չափավոր մակարդակ կա։ Օրինակ 2018 թվականին եղել է 1.8 %, 2019թ-ին՝ 0.7%, 2020 թ.-ն՝3.7%, 2021-22թթ.-ին համապատասխանաբար՝ 7.7% և 8.3%, իսկ 2023-24 թվականներին տարեկան գնաճը եղել է 0-ին մոտ։ Սա նշանակում է, որ անվանական աշխատավարձն աճելէ ավելի արագ, քան գներն էին։

Եթե մենք իրական աշխատավարձի աճից բացառենք գների աճը, ապա 2022-23 թթ-ին 6.3 % և 11% աճ է եղել, իսկ 2019-20թթ-ին 2.5-4%-ի տիրույթում է եղել իրական աշխատավարձի աճը։

2024 թ անվանական աշխատավարձի աճը դիտարկելու դեպքում կտեսնենք, որ այստեղ ունենք 31 % ավելացում։ Գները եղել են 0.3 %, հետևաբար այստեղ մենք իրական աշխատավարձի նշանակալի աճ ունենք 2024 թվականի համար։

Panorama.am-Ի՞նչ համամասնությամբ են աճել աշխատավարձերը պետական և ոչ պետական հատվածներում

Ա. Քթոյան-Բնականաբար, մասնավոր հատվածում աշխատավարձն ավելի արագ է աճում, քան ոչ մասնավորում։ Օրինակ 2024 թվականի հունվար-դեկտեմբերի միջին աշխատավարձը միջինացված 287 հազար դրամ է եղել, որից պետական հատվածում եղել է 224 հազար, իսկ  ոչ պետական հատվածում 311 հազար դրամ։ Եթե դիտարկենք աճը, ապա հունվար-դեկտեմբերին միջինացված կազմել է 6.4 %, որից պետական հատվածում 8 % է եղել, ոչ պետականում 5.7 %։

Panorama.am-Ձեր երկայացրած վիճակագրական տվյալները ցույց են տալիս աշխատավարձերի էական աճ, ցածր գնաճ, բայց 2018 թվականին աղքատության միջին մակարդակը եղել է 23.5 %, իսկ վերջին՝ 2023 թվականի տվյալներով 23.7 % է։ Այսինքն, այն ոչ թե նվազել է, այլ աճել։ Ինպես կբացատրեք այս պարադոքսը։

Ա. Քթոյան-2018 թվականին աղքատության մակարդակը հաշվարկվել է մի մեթոդաբանությամբ, իսկ 2019-ից 2023 թ.-ը՝ մեկ այլ մեթոդաբանությամբ։ Այդ տեսանկյունից ավելի ճիշտ կլինի,որ համեմատենք 2019 թվականի հետ։ Եթե համեմատենք, ապա տեսնում ենք, որ այդ տարի աղքատության միջին գիծը եղել է 26.4%, իսկ 2023 թվականին՝ 23.7 %։ 2018 թ-ի և 2019 թ աղքատության ցուցանիշները համադրելի չեն, քանի որ մեթոդական տարբերություններ կան։ Եթե 2019 թվականի մեթոդաբանությամբ ոչ աղքատ է համարվում բնակչույան 56 %-ը, ապա2018 թվականի մեթոդաբանությամբ ոչ աղքատ էր համարվում 76%-ը։

Այստեղ մեթոդբանության փոփոխությունները նշանակալի են, սակայն սա չի նշանակում, որ աղքատության խնդիր չկա, կամ տարեկան 1 տոկոսային կետով կրճատելը նշանակալի է։ Այս առումով ահագին անելիքներ կան, բայց զուտ վիճակագրորեն տարեկան 1 տոկոսային կետով աղքատության ցուցանիշը նվազում է։

Panorama.am-Կարո՞ղ ենք ենթադրել, որ տնտեսության աճը հավասարապես չի բաշխվում բնակչության վրա, քանի որ աշխատավարձի աճը տասնյակ տոկոսներ է, իսկ աղքատության մակարդակը ընդամենը 1%-ով է ամեն տարի նվազում։

Ա. Քթոյան-Պետք է ընդունենք, որ աշխատավարձերն ընդգրկում են ոչ ամբողջ բնակչությանը, կամ աշխատունակ բնակչությունը։ Աշխատավարձերի վիճակագրությունը վերաբերում է 760 հազար մարդու, որոնք ՊԵԿ-ում գրանցված են, երևում են։ Նրանց աշխատավարձի հիման վրա է այդ ցուցանիշը։

Մենք ունենք գործազրկության բավականին բարձր մակարդակ,  ունենք կենսաթոշակային տարիքի բնակչության բավականին բարձր մակարդակ։ Սոցիալական ծախսերը կազմում են Հայաստանի պետական բյուջեի գլխավոր հոդվածը, սա հենց այն պատճառով է, որ սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչությունը մեծ թիվ է կազմում։ Գաղթնիք չէ, որ մենք ունենք ծերացող բնակչություն և այն արտացոլվում է այդ տիպի գնահատականներում։ 

Այո, տնտեսական աճը ներառական չէ, այն հավասարաչափ չի բաշխվում, չի էլ կարող հավասարաչափ բաշխվել, բայց տնտեսական աճի բաշխման հավասարաչափ ապահովման գործիքներից մեկը հենց այն պետական բյուջեն է, որի միջոցով բաշխվում է ՀՆԱ-ի ¼ մասը։ Այսինքը շատ խորքային հարցեր կան, որոնք մեր տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններ են։ Դրանցից են ՀՆԱ-ի, զբաղվածության, աշխատանքային ռեսուրսների կառուցվածքը և բնակչության սեռատարիքային կազմը։

Դրանք բոլորը խնդիրներ են։ Մենք խոսում ենք տասնյակ տարիների արտագաղթի մասին, որը վերաբերել է միջին տարիքի բնակչությանը և բերել բնակչության ծերացման ցուցանիշներին։ Դրանք տնտեսության կայուն զարգացման առումով լուրջ մարտահրավեր են պարունակում։

 

Placeholder