Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
17:16 13/03/2025
Հայաստան

Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիրը» պատրաստ է ստորագրման, ՀՀ պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  

 

Placeholder
Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ