«Հրապարակ». Եթե անգամ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու
Օրվա մամուլ
09:14 13/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Եթե անգամ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Աղազարյանի դեպքում հասկանում են, որ գործընթացը մեկ անուն ունի՝ «նա համարձակվել է չենթարկվել վոժդին», ուստի այն, ինչ այսօր նրա հետ կատարվում է, վաղն իրենց գլխով էլ է անցնելու, եթե Փաշինյանը հանկարծ որոշի, որ իրենք մանդատը պետք է դնեն, և իրենք համարձակվեն նրա կամքին դեմ գնալ, իսկ Տարոն Մարգարյանի նկատմամբ գործը մաշված ու հնացած ի գործ է, որ 7 տարի է՝ քննվում է, և եթե այն դատական հեռանկար ունենար, ապա վաղուց դատարան ուղարկած և դատավճիռ կայացրած կլինեին` ի տես արյան ծարավ ընտրազանգվածի: 2021-ին առաջադրված այդ մեղադրանքը ստիպված են եղել վերաորակել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածին ավելացնելով փողերի լվացումը և նախընտրական թատրոն բեմադրել։ Եթե անգամ 2 թիրախ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու։

Չնայած դրան, ՔՊ աղբյուրները պնդում են, որ բոլորը մեկ մարդու պես կողմ կքվեարկեն դատախազի միջնորդությանը, քանի որ Փաշինյանն անձամբ է գծել սցենարը և ուզում է մեկ անգամ էլ փորձել համոզել իր ֆանատներին, թե պայքարում է թալանչիների դեմ։ Ըստ օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա նիստում, իսկ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմ ձայներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder