Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում
«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին»,- ՀՖՖ հաղորդմամբ, ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը՝ մեկնաբանելով հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
Նա հայտնել է, որ վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացել են, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար ցուցակում:
«Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:
Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:
Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»,- ասել է Ջոն վան’տ Սխիպը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։