Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը չի չեղարկվի
Տնտեսություն
11:22 13/03/2025
Հայաստան

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը չի չեղարկվի

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը քվեարկությամբ հավանություն տվեց նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող նախագծերի փաթեթին։ Դրանում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն  կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծի (խ-1008-13.02.2025-տհ-011/0) վերաբերյալ կառավարության առաջարկության մասին նախագիծը, որը  հեղինակել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

Գործադիրին այն ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:

«Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ  գործընթաց:

Նշվում է նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը»,-ասված է նախագծում։

Կառավարությունը սակայն անընդունելի է  համարել  այդ առաջարկությունը՝ նշելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։

«Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,-ասված է կառավարության եզրակացության մեջ։

 

Placeholder