Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որևէ խաղաղության համաձայնագիր միանգամից կախարդական փայտիկով 2 երկրներին և ժողովուրդներին բարեկամներ, համագործակից չի դարձնում. Միրզոյան
«Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի, այլ մանրամասների շուրջ»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ երեկ արդեն հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է։
Նա գնահատմամբ, սա չափազանց կարևոր հանգրվան է հարաբերությունների կարգավորման ու Հայաստանի շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին։ Ընդհանրապես, ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեսքտում չկա։ Կա երկկողմ պատրաստակամություն համագործակվել տարբեր ոլորտներում, այդ թվում տրանասպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»,- ասաց Միրզոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ-ի ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան:
«Մենք նաև կարծում ենք, համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Բեռների, օրինակ, անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»,- ասաց նախարարը։
Միրզոյանը նաև նշեց, որ համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ ապրել են իրենց նախնիները։
«Լսեցինք Ադրբեջանի մեկնաբանությունը Հայաստանի Սահմանադրության մասին։ Այս մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա։ Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև Սահմանադրությունների մասին կարգավորում։
Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի Սահմանադրության մասին, այնտեղ տեսնում ենք որոշակի նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ, մենք կարծում ենք, որ համաձայագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են։ Եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, մենք ունենք առնվազն մեր Սահմանադրության մասով մեր Սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով, հստակ ուղենիշ է, փարատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա մենք նաև համաձայնագրի տեքստի ստորագրմամբ ու վավերացմամբ, ի դեպ, այդ վավարեցումը կրկին պետք է անցնի մեր ՍԴ-ով, մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված»,- մանրամասնեց նա։
Միաժամանակ նշեց, որ որևէ խաղաղության համաձայնագիր միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից կախարդական փայտիկով երկու երկրներին և ժողովուրդներին բարեկամներ, համագործակից չի դարձնում։
«Իհարկե, լինում են հարցեր, այդ թվում զգայուն, գերզգայուն, որոնք պետք է հետո քննարկվեն, կարգավորվեն։
Մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն ու ստորագրման պատրաստ տեքստն այս առումով բացառություն չէ, բաց կաևոր է նշել, որ այս համաձայնագրով նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու, հարաբերությունները վերջնական կարգավորելու համար»,- ասաց Միրզոյանը։