«Այս ճանապարհին Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում են», «Այո, լսում ենք հավելյալ պահանջներ, կա վստահության պակաս». Քոչարյան-Միրզոյան
Քաղաքական
14:21 14/03/2025
Հայաստան

«Այս ճանապարհին Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում են», «Այո, լսում ենք հավելյալ պահանջներ, կա վստահության պակաս». Քոչարյան-Միրզոյան

«Մեր մտավախությունն այն է, որ այս ճանապարհին Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է, ի վերջո մեր երկրի գլխին կանգնած վտանգները շարունակում են մնալ։ Իրենց կողմից չի երևում այն խաղաղությունը, ոնց որ ձեր կողմից է»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով նիստին ներկա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Նա նշեց, որ իրենք երբեք դեմ չեն եղել խաղաղությանը։

«Հայաստանի իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել։ Կասկածում եմ, որ այս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։

Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, իրենք նույնը չեն անում»,- ասաց Քոչարյանը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ, իհարկե, կան մարտահրավերներ, բայց այդ մարտահրավերները կառավարելու ձև էլ կա՝ բանակցել, խաղաղություն կառուցել։

«Նարատիվները նույնական չեն։ Այո, լսում ենք հավելյալ պահանջներ, բայց կա նաև նույնական հատված՝ այն համաձայնագիրը, որի տեքստը համաձայնեցրել ենք։ Այն ամբողջական բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ կան ՀՀ պատկանող տարածքներ, որոնք ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում Ջերմուկում. «Կան Ադրբեջանին պատկանող որոշ տարածքներ, որոնք դեռ Հայաստանի ուժերի  վերահսկողության տակ են։ Սահմանագծման իմաստն այդ է՝ որոշել այդ  գիծը, տնկել սյուները, ուժերին բաշխել համապատասխան կերպով։

Այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, ու գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում Ջերմուկի հարակիցն տարածքները, վստահ ենք՝ սահմանազատման գործընթացն է այդ ճանապարհը, որով պետք է լուծենք այդ հարցը»։

Քոչարյանն ասաց. «Ադրբեջանը որտեղ կարողանում, քցում է։ Միշտ էլ քցելու են, քանի կարողանանա, քցելու են»։ 

Միրզոյանը նշեց. «Մենք էլ թերահավատություն ունենք Ադրբեջանի նկատմամբ, մեր մոտ էլ կա վստահության պակաս, մենք էլ ենք տեսնում, որ կառուցողական չեն, հավելյալ պահանջ են դնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder