Մակրոն. Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Քաղաքական
09:47 14/03/2025

Մակրոն. Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը:

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։

Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»- նշել է նախագահ Մակրոնը։

Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել  Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ.

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այն հույս է տալիս, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա սեղմ ժամկետներում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, որը հիմնված կլինի երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա, թույլ կտա Հարավային Կովկասին՝ դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք՝ բաց սահմաններով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»։

Placeholder