«Համր կինոյի խոսուն կանայք». Հայ կինոգործիչներները, որոնք գործունեություն են ծավալել նաև ռուսական, արևմտյան համր կինոյում
Մշակույթ
10:05 15/03/2025
Հայաստան

«Համր կինոյի խոսուն կանայք». Հայ կինոգործիչներները, որոնք գործունեություն են ծավալել նաև ռուսական, արևմտյան համր կինոյում

«20-րդ դարասկզբին համաշխարհային կինոյի ոլորտում կանանց մասնակցությունը բավականին սահմանափակ էր: Կինոարտադրության այս շրջանը բնութագրվում է հիմնականում տղամարդկանց գերակայությամբ, ինչը պայմանավորված էր թե՛ տեխնիկական հմտությունների անհրաժեշտությամբ, և թե՛ ժամանակի մշակութային ու սոցիալական կարծրատիպերով»։

Ռուզաննա Բագրատունյանի հեղինակած «Համր կինոյի խոսուն կանայք» գիտահանրամատչելի ժողովածուն ընթերցողին հնարավորություն կտա ծանոթանալ հայ կին կինոգործիչներին, ինչպես նաև տեսնելու հայկական համր կինոյի լինելության ճանապարհին կանանց թողած հետագիծը և պատկերացում կազմելու նրանց ներգրավվածության աստիճանի և կինոդերասանական վարպետության առանձնահատկությունների մասին։

«Երկար եմ մտածել այս ծրագրի մասին։ Հիմքում ի սկզբանե եղել է հայկական կինոյում կին գործիչների լիակատար կատալոգ ստեղծելու գաղափարը։ Սակայն տարբեր իրադարձություններ տեղի ունեցան և այդ գաղափարն իրականություն դարձնելն անընդհատ հետաձգվեց։  Արդեն 2023-ին, 2024-ին կրկին սկսեցի մտածեցի այս գաղափարիս մասին, բայց հասկացա, որ ամբողջական անելու համար տարիներ են անհրաժեշտ և որոշեցի բաժանել փուլերի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի մտահղացման հեղինակ և ղեկավար Ռուզաննա Բագրատունյանը։

Գրքում ընդգրված է համր կինոյի 10 տարիները՝ 1924-1934 թվականները։

«Ինչու «Համր կինոյի խոսուն կանայք»։ Չնայած ֆիլմերը համր են եղել, բայց այնքան խոսուն, հնչեղ իրենց արձագանքով,  գեղարվեստական հատկանիշներով, կարևորությամբ»,- նշեց ծրագրի հեղինակը։

Ժողովածուն կազմելու համար հետազոտության աշխատանքները են ծավալվել ՀՀ ազգային արխիվում, փաստեր են քաղվել թիվ 1381 ֆոնդից, կինոֆոնդերից («Պետլուսկինոյի» 1924-1935 թթ. ֆինանսական, գործառնական մատյաններ, հրամանագրքեր, որոշումներ, արձանագրություններ, հաստիքացուցակներ, անձնական գործեր և այլ բնույթի փաստաթղթեր)։ Ուսումնասիրվել են ՀՀ ազգային արխիվի «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում գտնվող ֆիլմերը և նյութերը, ինչպես նաև Գրականության և արվեստի թանգարանի կինոյի և թատրոնի ֆոնդերում պահպանվող հայ կինոյի համր շրջանի նյութերը (կինոյի և թատրոնի դերասանուհիների կենսագրություններ, նամակներ, լուսանկարներ և այլ փաստաթղթեր)։ Ուսումնասիրվել են կինոյին ու կանանց առնչվող մամուլն ու գրականությունը («Խորհրդային արվեստ», «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Գեղունի» (Վենետիկ) և այլն)։ Օգտագործվել են նաև «Հայկական կինո» լիակատար կատալոգի աղբյուրներն ու տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր բոլոր բաց աղբյուրները։

Նա նշեց, որ, արխիվային նյութերի համաձայն, այդ շրջանում այն կանանց ներդրումը չի սահմանափակվում հայկական համր ֆիլմերում խաղացած դերերով, նրանք գործունեություն են ծավալել նաև ռուսական, արևմտյան համր կինոյում.  «Այս հետազոտության նպատակն է եղել հայտնաբերել նաև այն հայ կանանց, որոնք մնացել են ռուսական և արևմտյան համր կինոյի պատմության մեջ, ինչպես նաև այն կանանց, որոնք ընդգրկված են եղել Հայկինոյի տարբեր արտադրամասերում ու վարչական օղակներում և իրենց մասնագիտական որակներով ու բարեխիղճ աշխատանքով նպաստել են հայ կինոյի կայացմանը, հետագա ընթացքին»։

«Համր կինոյի խոսուն կանայք» գիտահանրամատչելի ժողովածուն միավորում է համր ֆիլմերում (Հայաստանում և արտասահմանում) հանդես եկած քառասուն դերասանուհիների (Նինա Մանուչարյան, Տատյանա Մախմուրյան, Արուս Պապյանը, Հասմիկ, Արուս Ոսկանյան, Սաթենիկ Ադամյան և այլն) և կին կինոգործիչների։

Արխիվային նյութերից պարզ է դարձել, որ հայ կինոյի համր փուլում կինոարտադրությունում ներգրավված են եղել ավելի քան 250 կանայք (առանց դերասանուհիների), որոնք ոչ պակաս կարևոր գործառույթներ են ունեցել։ Ռ.Բագրատունյանի ներկայացմամբ, թեև նրանց աշխատանքները հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, բայց նույնքան կարևոր կինոարտադրության համար. սցենարական, մոնտաժային (սոսնձող/սկլեյչիցա, հավաքող/պոդբորշչիցա, չորացնող/սուշիլչիցա), ռեժիսորական (բեմադրող/պաստանովոչնի, ռեկվիզիտորներ, գրիմյորներ), ազդագրերի մասնագետ։
Դերասանուհիների առնչությամբ տեղեկություն հավաքելու ընթացքում հեղինակը դժվարությունների է հանդիպել, քանի որ ֆիլմերում, կատալոգում հիմնականում բացակայել են երկրորդական և էպիզոդիկ դերերում հանդես եկած կանանց անուններն ու դերերը՝ հանրության համար մնալով անհայտ:

«Արդյունքն այն է, որ միայն երկու տասնյակի հասնող կենսագրական և ստեղծագործական տվյալներ են հայտնի դարձել մեզ: Շատ դերասանուհիների մասին միայն սուղ կենսագրական և ստեղծագործական տեղեկություններ են հայտնաբերվել: Ոմանց մասին հայթայթված տվյալներն էլ սահմանափակվում են միայն անուն-ազգանունով, մեծ մասմաբ՝ անվան սկզբնատառով»,- ասաց Ռ.Բագրատունյանը։

Ժողովածուի համար հետազոտական աշխատանքը կատարել է Ռուզաննա Բագրատունյանը, գիտական ակնարկներ են գրել կինոգետ Սիրանույշ Գալստյանը, կանանց հարցերով փորձագետ Անահիտ Հարությունյանը։

Ուսումնասիրության արդյունքներից մեկն էլ հավաքված լուսանկարների եզակի հավաքածուն է, որի մի մասը՝ շուրջ 250 միավոր, ընդգրկված է ժողովածուում և էապես հարստացնում է նրա բովանդակությունը։ Բացի այս, ժողովածուն հնարավորություն է ընձեռում ընթերցողներին QR կոդերի միջոցով  հասանելի դառնալ հայկական համր ֆիլմերի ընտրանուն՝ տեսաշարով։ Ժողովածուն երկլեզու է՝  հայերեն և անգլերեն։

«Իհարկե, ամենայն հավանականությամբ, ժողովածուն զերծ չի մնացել բացթողումներից, քանի որ, ինչպես նշեցի, բավականին խոչընդոտներ կային այդ շրջանի դերասանուհիների, կինոարտադրությունում կին մասնագետների մասին տվյալներ հավաքելու գործընթացում։ Հնարավոր է, որ որոշ դերասանուհիներ կամ մասնագետներ դուրս մնացած լինեն։  Ուրախ կլինեմ, եթե նոր տեղեկություններ փոխանցվեն ինձ, ինչը հնարավորություն կտա լրացնելու բացթողումները, ապագայում վերահրատարակվելու դեպքում ներառել այդ ամենն ու առավել ամբողջական դարձնել նյութը»,- ասաց Ռ.Բագրատունյանը։ 

Ժողովածուն տպագրվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։ «Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուի շնորհանդեսը կկայանա մարտի 18-ին «Զանգակ» գրատանը։

Երկրորդ գիրքում, որի վրա աշխատանքներն արդեն սկսվել են, ընդգրկելու է հայ կինոյի հնչուն շրջանը՝ 55 տարի, երրորդ մասն արդեն կպատմի նորագույն շրջանի հայ դերասանուհիների մասին։

Placeholder