Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացու մասնակցությամբ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուր՝ Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանի կողմից ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյելու և անհարգալից պահվածք դրսևորելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Panorama.am-ին փոխանցեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով։
Թուրքիայի քաղաքացին այս պահին որևէ կարգավիճակ չունի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:
Դեպքի մասին փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր. «Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։
Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ»։