Ինչու են իշխանականները գոհ «խաղաղության պայմանագրից». Արթուր Խաչատրյանի ծիծաղն ու մեկնաբանությունը
Քաղաքական
12:49 17/03/2025
Հայաստան

Ինչու են իշխանականները գոհ «խաղաղության պայմանագրից». Արթուր Խաչատրյանի ծիծաղն ու մեկնաբանությունը

«Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել, խաբել, թմրեցնել, ասել՝ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամեն ինչը սուտ է:

«Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ «խաղաղության» համաձայնագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, դրան կհետևի, այսպես կոչված, պատերազմական հանցագործների վերադարձի պահանջը։ Դրան կհետևի ինչ-որ 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սա է, Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ, Իրանի և Ֆրանսիայի նախագահներին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը նման ոգևորություն չի դրսևորել, Ա.Խաչատրյանը պատասխանեց. «Հիշեցնեմ՝ երբ ԵՄ անդամակցության պսևդո-օրենքն առաջին ընթերցմամբ անցավ խորհրդարանում, էլի Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Պուտինին և ներկայացրել էր այդ օրենքը։ Կարծում եմ՝ ինքն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ, Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո,  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում, և այստեղ Հայաստանն ինչքան էլ փորձի իրեն պատռի, օգտագործելով Արարատ Միրզոյանը օգտագործած եզրույթը, որ որևէ մեկը ինձ որևէ հարցում չմեղադրի, կարծեմ, հավաքական Արևմուտքը հիմա այլ առաջնահերթություններ ունեն»:

Ըստ նրա, ճիշտն այն կլիներ, որ Հայաստանը պահանջեր միջնորդավորված բանակցություններ. «Երբ բանակցող կողմերի միջև բանակցային ուժերը տարբեր են, պետք է միջնորդ, որպեսզի բալանսավորի այդ տարբերությունները և նաև ինչ-որ չափով հանդես գա որպես բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր։

Բայց Ալիևն արգելել է, թույլ չի տա միջնորդների, փաշինյանենք էլ չեն կարող Ադրբեջանի հրամաններին, հրահանգներին չենթարկվել»։

Հարցին՝ իշխանական թևից ասում են, որ խաղաղության պայմանագրի տեքստը «լավ բանակցված է»...,  Արթուր Խաչատրյանը երկար ծիծաղեց այս  «լավ բանակցված է» արտահայտության վրա, ապա ներողություն խնդրեց ու ասաց. «Ի՞նչ է նշանակում լավ բանակցված փաստաթուղթ։ Հայաստանն առաջարկներ է ներկայացում, Ադրբեջանը ոչ մի առաջարկի հետ չի համաձայնվում։ Ինքը պահանջներ է ներկայացնում, այս  իշխանությունները համաձայնվում են։

Սա խայտառակ թուղթ է, Ադրբեջանի բոլոր պահանջները մեջ են, Հայաստանի որևէ խնդրանք,  աղաչանք, պաղատանք հաշվի առնված չէ։ 4 ժամ Արարատ Միրզոյանին հարցրեցին՝ մի կետ նշի, որ Հայաստանն առաջարկել է, Ադրբեջանը համաձայնվել է»։

Ըստ նրա, իշխանությունների ոգևորության պատճառն այն է, որ իրենք մի խնդիր ունեն. «Ցույց տան, որ իրենք կարողացել են ապահովել իրենց նախընտրական խոստումը։ Իսկ իրենք ի՞նչ էին խոստացել։ Խաղաղություն։ Հիմա Փաշինյանին պետք  թղթի կտոր, որի վրա խաղաղություն բառը գրված լինի, որ գնա  ընտրության ու ասի՝ ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Չեմբերլենը, որի սխալ քաղաքականության արդյունքում աշխարհն ամենամեծ պատերազմի մեջ մտավ։ Փաշինյանի սխալի պատճառով  Հայաստանը կանգնելու է նոր և ավելի աղետալի պատերազմի առաջ։

Այս իշխանությունները գնացել են անվերապահ կապիտուլյացիայի։ Կարմիր գիծն էլ ո՞րն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder