«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում
Օրվա մամուլ
09:00 18/03/2025

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 06.05.2021 թվականին պետական գրանցում է ստացել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի՝ «Սիզնս» այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն տրված իրավունքի՝ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ստանձնել է այգու պահպանման և անվտանգության ապահովման պարտականությունը։ Ավելին՝ նաև հենց այգում են ցուցանակ փակցրել, համաձայն որի՝ «Ելնելով ընկերության նկատմամբ սահմանված պարտավորություններից, ինչպես նաև այգու այցելուների անվտանգության պահպանման նկատառումներից՝ այգում արգելվում է այգու և դրա հարակից տարածքում վարել էլեկտրոնային ինքնագլոր կամ ցանկացած այլ անվային շարժական միջոց»: Սակայն «Երեմյաններ» ընկերությունը այգու նկատմամբ վերահսկողություն պարզապես չի իրականացնում, ողջ տարածքում անվավոր շարժական միջոցներ են վարում քաղաքացիները, նաև երեխաները, և որևէ արգելք չկա: Այսինքն` անվտանգության սահմանված նորմերը չեն պահպանվում «Երեմյանների» կողմից: Փոխարենը «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ սեփականատերն օգտագործում է ընկերոջ կողմից իրեն տրված այգու օգտագործման իրավունքը` սեփական գովազդի, բիզնեսը զարգացնելու համար. պաղպաղակ են վաճառում, պոպկորն, տարբեր «բուտիկներ» են հայտնվել այգում, իսկ ողջ տարածքում «Երեմյանների» գովազդն է:

Հիշեցնենք, որ այս այգին նորոգվել է «Տաշիր» ընկերության կողմից, սակայն «Տաշիրի» որևէ գովազդ չկա այգու որևէ հատվածում:

Տեղեկացնենք, որ Դավիթ Երեմյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրա հրավերով մշտապես մասնակցում է ՔՊ դրամահավաքներին, մեծ նվիրատվություններ անում իշխող կուսակցությանը, ինչպես նաև հենց դրամահավաքները կամ Փաշինյանի համար կարևոր միջոցառումները անցկացվում են Երեմյանի հիմնած գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանում, որը, ի դեպ, կառուցվեց աղմուկով, պատմամշակութային մարզահամերգային համալիրի տարածքից կտրելով:

Այսպիսով՝ իշխանության «սրտի» գործարար Դավիթ Երեմյանը ծառայություն է մատուցում ՔՊ-ին և ստանում արտոնություններ տարբեր ձևաչափերով:

Հիմա էլ, փաստորեն, Երևանի սրտում գտնվող հանրային զբոսայգին են տվել գործարարին` անձնական, բիզնես նկրտումներին հագուրդ տալու համար: Ոչինչ, որ այն, ինչ գրված է թղթի վրա, Երեմյանը չի կատարում, անվտանգության իր իսկ սահմանած նորմերը չի պահպանում:

Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիոն սխեմա. Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder