Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող. Սրբուհի Գալյան
Իրավունք
13:38 18/03/2025

Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող. Սրբուհի Գալյան

«Այս պահին մենք աշխատում ենք նոր Սահմանադրության տեքստի վրա» ,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ ի՞նչ է նշանակում նոր Սահմանադրությունն ունենալու է տարածաշրջանային նշանակություն, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, ինչպե՞ս է արտացոլվելու նոր Սահմանադրության մեջ, նախարարն ասաց. «Մինչև տեքստը չլինի,  մեկնաբանություն դեռ չեղած տեքստի վերաբերյալ, չեմ կարող անել։

Սահմանադրությունն ընդունելու է կամ չի ընդունելու ժողովուրդը, այս փուլում երբ դեռ  տեքստը մշակված չէ, ընդամենը եղել են հայտարարություններ,  որ աշխատում ենք նոր Սահմանադրության տեքստի վրա, չեմ հասկանում հարցադրումների իմաստը»։

Լրագրողները կրկին հարցրեցին՝ ի՞նչ է նշանակում տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն, Գալյանն այս անգամ ասաց. «Խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը, խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը։

Մենք մեր վարքագիծն ու գործեալոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որ երկրում հաստատվի խաղաղությունը, զարգանա անվտանգային միջավայրը։

Մենք այն երկիրն ենք ու այն կառավարությունը, որը միտված է  խաղաղության վերջնական հաստատմանը, ամեն ինչ անում ենք մեր արտաքին քաղաքականության համատեքստում, որ ի վերջո հաստատավի այդ խաղաղությունը, մեր քաղաքացիներն ապրեն անվտանգային ու կայուն միջավայրում»։

Հարցին՝ ինչո՞վ է  գործող սահմանադրությունը դրան խանգարում, նա ասաց. «Չեմ կարծում, որ մեր գործող Սահմանադրությունը որևէ բանով դրան խանգարում է։ Այն, որ գործողը մեր ընկալմամբ, մեր պետական մարմինների, ՍԴ մեկնաբանությամբ չի կարող  խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է»։

Ս.Գալյանը նշեց, որ Սահմանադրությունում անփոփոխելի դրույթների իմաստը փոփոխման ենթակա չէ, իմաստային առումով չպետք է փոփոխության ենթարկվեն։

Հարցին՝ նախաբանի փոփոխություն կլինի՞, նա ասաց. «Դեռ քննարկման փուլում է։ Մենք քննարկում ենք ամբողջությամբ նոր Սահմանադրություն գրելու հարցը, մշակում ենք տեքստ, իհարկե, բոլոր հարցերի հետ կապված պետք է ունենանք քննարկում՝ հասկանալու, թե ինչն ենք փոխում, այլապես չէինք փոխի ոչ մի բան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder