Շիրակի պետական համալսարանի դասախոսների ահազանգն ու ռեկտորի արձագանքը
Կրթություն, գիտություն
16:58 20/03/2025
Հայաստան

Շիրակի պետական համալսարանի դասախոսների ահազանգն ու ռեկտորի արձագանքը

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցել է Շիրակի պետական համալսարանի դասախոսներից ստացած ահազանգը.  «Ըստ մեզ ահազանգած դասախոսների, համալսարանում փորձում են վերջնական ավիրել կրթագիտական մակարդակը։ Վաղվանից սկսվում է մի քանի ամբիոնների վարիչների նոր ընտրական պրոցեսը։ Մեզ տեղեկացրել են, որ արդեն գիտխորհրդի կազմում գրեթե չեն ներառել համալսարանի դոկտոր-պրոֆեսորների, զուտ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, կառավարման մարմինը ամբիոնի վարիչներ փորձում է նշանակել իր կամակատարներին։ Ըստ մեզ ահազանգող աշխատակիցների, դրանք մարդիկ են, ովքեր նույնիսկ մաքուր հայերենին չեն տիրապետում»։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ  Սերոբյանը Panorama.am-ի հետ զրույցում  ասաց, որ համալսարանի գիտխորհրդի կազմում, որը ձևավորվել է դեռ 2024 թվականի հոկտեմբերին, տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր քաղաքացիական դիրքորոշումներ ունեցող մարդիկ են, ամենևին նրանց ոչ քաղաքական հայացքները, ոչ քաղաքացիական դիրքորոշումը գիտխորհրդի աշխատանքներում չի դրսևորվում, ինչն արգելված է նաև օրենքով։

«Նրանք գիտխորհրդում դրսևորում են զսպվածություն, համալսարանի ներսում ոչ մի քաղաքական պրոցես չկա»,- նշեց համալսարանի ռեկտորը։

Ե.Սերոբյանը մանրամասնեց, որ համալսարանի գիտխորհուրդը գործում է 5 տարի ժամկետով. «Մեր նախկին գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը լրացել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Ըստ կարգի, համալսարանի կանոնադրության, տեղի էին ունեցել նոր գիտխորհրդի ընտրություններ։ Կանոնադրությունը նաև սահմանում է, թե ովքեր պետք է լինեն ի պաշտոնե, ովքեր պետք է ընտրվեն։

Գիտխորհրդի 30 հոգանոց կազմում 8-ը ուսանողներ են, մնացած 22-ից 5-ը դոկտորներ են, պրոֆեսորներ։ Բուհի ամենաերիտասարդ ու ամենատարեց դոկտորները պարտադիր  պետք է ընդգրկված լինեն ի պաշտոնե»։

Նա նշեց, որ նախորդ գիտխորհրդի կազմի համեմատ, նոր գիտխորհուրդի կազմում, բնականաբար, փոփոխություններ եղել են։

Այժմ բուհում սկսվում են ամբիոնի վարիչների ընտրություններ։

«Որոշակի ժամանակ է կան ամբիոններ, որոնք ունեն վարիչների պաշտոնակատարներ։ Հիմա հայտարարված է ընտրություն։ Ունենք ամբիոններ, որտեղ իրենց թեկնածությունը դրել են 1, 2, 3 հոգի, ունենք ամբիոններ, դիմում չենք ստացել»,- ասաց բուհի ռեկտորը։

 

 

Placeholder