Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Բազմաչարչար համընդհանուր հայտարարագրումը շարունակում է որպես ոսկոր մնալ քաղաքացիների կոկորդում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ժամանակ չունի վարչապետի խոստումներին իրավական ուժ տալու:
Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝ ասելով, որ մինչև մայիսի մեկը պետք է լրացնեք հայտարարագրերը, այլապես կսահմանվեն տուգանքներ, կգործադրվեն ճնշումներ, քանի որ չպետք է լինի մեկը, որ հայտարարագիր լրացրած չլինի։ Բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից և անձնագրայինների դռների առջև կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
Փաշինյանը, իհարկե, պատճառաբանեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել: Ամեն բան կարծես խաղաղվեց, քաղաքացիները հանդարտվեցին, որ հայտարարագիր լրացնելու ժամանակ դեռ շատ կա։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թեև Փաշինյանը ժամկետներ է խոստացել, բայց կարծես այս անգամ «#ինչպեսխոստացելէի» հեշթեգը չի գործում։
Բանն այն է, որ Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 2 ամիս, սակայն մինչև այժմ այս հայտարարությունն իրավական որևէ ուժ չի ստացել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այնքան են տարված տնտեսական աճի թվերը կեղծելով, որոնք ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ հաճախ չեն համընկնում, որ փաստացի հայտարարագրման գործընթացները աչքաթող են արել: Վերջիններս նաև ընկել են հարկատուների հետևից։ Մինչ ֆիննախը օրենքներ է փոխում հարկային օրենսգրքում, հայտարարագրման գործընթացը տեղում դոփում է, և Փաշինյանի խոստումը իրավական որևէ հիմք չի ստանում։ Այսինքն՝ Կառավարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
«Ժողովուրդ» օրաթերթին ֆինանսների նախարարությունից հաստատեցին, որ Փաշինյանի հայտարարությունն իրավական ուժ չի ստացել, իսկ նախագիծը վերջնական շրջանառման մեջ չի դրվել։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ 750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը։ Ստացվում է, որ իշխանության գովասանքներին, հայտարարագրման արշավին, առաջարկված «կաշառքներին» զուգահեռ հայտարարագիր լրացրել է 750 հազար աշխատողների 1,6 %-ը։ Ահա թե ինչ տեսք ունի իշխանության գլուխգովանությունը և զուգահեռ ընթացող անգործությունը։ Իսկ քաղաքացիների այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան լուռ բոյկոտ Փաշինյանի կառավարությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։