Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ավանեսյանը ճիշտ համարեց, որ Վարդենիսից ամեն օր աշխատակիցներին նախարարության մեքենաներով տանում են Մարտունի և հետ են բերում
«Եթե վերցնելու ենք ու նոր աշխատողներ ենք ընդունելու որպեսզի աղմուկի կարևորագույն աշխատանքը՝ ստուգաչափումներն իրականացնեն, որոնք ըստ ձեզ, մասնագիտական որակավորումներ պետք է ունենան, ապա ասեք, թե ովքեր են դրանք անելու»,- ԱԺ-ում «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Նա հարցրեց, թե ինչպես պետք է կատարվեն աղմուկի ստուգաչափումները, եթե չկան այդ կառույցները։
Պողոսյանը հետաքրքրվեց, թե նախարարությունն մի կոմից կրճատումներ է անում, մյուս կողմից մասնագետներ է վերցնելու, և հարցրեց, թե ինչ մասնագետներ է վերցնելու։
«Եթե այդ մասնագետները հիգիենիստներ են լինելու, ապա խնդրում եմ պատասխանեք, թե ՀՀ-ում վերջին 5 տարում հիգիենիստի որակավորմամբ քանի մասնագետ է ավարտել ուսումը և ինչքա՞ն է պետական բյուջեի վրա նստել այդ ծախսերը և՛ կադրերի գծով, և՛ գործիքների ձեռքբերման մասով»,-հարցրեց Պողոսյանը։
Ավանեսյանն ասաց, թե հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ՊՈԱԿ-ում բազմապիսի մասնագետների առկայություն կա և նշեց, թե կրճատումները չպետք է կապել աղմուկի ստուգաչափող մասնագետների ընդգրկման հետ։
Աղմուկի հետ կապված մենք ունենք այլ պահանջներ, թե ինչ մասնագետներ և ինչ որակավորում պետք է ունենա անձը, որպեսզի կարողանա փորձագիտական եզրակացություն տալ աղմուկի մասով։
Նախարարը նշեց, որ նման մասնագետները շատ քիչ են՝ «մեկ ձեռքի վրա կարելի է հաշվել» և նպատակ ունեն կրթել նման մասնագետներ։
Ավանեսյանը նաև ասաց, թե չափորոշող սարքը մի քանի միլիոն դրամ արժի և հիմա ուսումնասիրում են դրանց տարածական բաշխումը։
Անուշ Պողոսյանը հիշեցրեց, որ նախարարությունը լուծարել է Վարդենիսի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման բաժինը, այն միավորել Մարտունու հետ և հիմա դաշտային աշխատանք իրականացնող աշխատակիցները ստիպված ամեն օր վարդենիսից մեքենայով գնում են աշխատանքի և վերադառնում և տարակուսեց, թե ինչպես է նախարարությունը նույն կերպ այդ պայմաններում, օրինակ, Ճամբարակում արձանագրված աղմուկի խախտումը արձանագրելու, մինչև աշխատակիցները հասնեն դեպքի վայր, այլևս աղմուկը դադարած կլինի։
Ավանեսյանը չպատասխանեց վերջին հարցին՝ ընդամենը՝ ասելով, որ ճիշտ են արել, որ Վարդենիսի ստորաբաժանումը լուծարել են և հիմա նախարարության մեքենաներով աշխատակիցներին Վարդենիսից հասցնում են Մարտունի և հետ են տանում։