«Սևանի Աստվածամայր» հրաշագործ սրբապատկերը վերադարձել է մշտական ցուցադրություն
Մշակույթ
13:51 22/03/2025
Հայաստան

«Սևանի Աստվածամայր» հրաշագործ սրբապատկերը վերադարձել է մշտական ցուցադրություն

«Սևանի Աստվածամայր» հրաշագործ սրբապատկերը կրկին Ագային պատկերասրահի  մշտական ցուցադրությունում է։  Ազգային պատկերասրահից հայտնում են, որ իր հրաշագործ զորությամբ հայտնի 17-րդ դարի «Սևանի Աստվածամայր» սրբապատկերը ցուցադրվում է Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում։

Հրաշագործ սրբապատկերն ունի ուշագրավ պատկերագրություն: Այն ներկայացնում է «չարչարանաց» տեսարան, որը ձևավորվել է XV-XVI դդ. կեսերին իտալական կերպարվեստում: Ընդհանրապես, քրիստոնեական պատկերագրության մեջ «չարչարանաց» տեսարանի դասական օրինակներում հրեշտակները խաչափայտը և չարչարանքի գործիքները երկու կողմերից մոտեցնում են մանուկ Հիսուսին, և նա, կարծես երկյուղած, ավելի է ձգվում դեպի մայրը, մինչդեռ «Սևանի Աստվածամայրը» կտավն իր պատկերագրությամբ տարբերվում է վերոհիշյալ նմուշներից: Նկարն աչքի է ընկնում զուսպ գունաշարով, գերիշխում է կապույտ երանգը: Տիրամայրը և մանուկ Հիսուսը հանգիստ են, հանդարտ, մանուկն ասես հաշտված լինի իր ճակատագրի հետ։ Նկարն ամբողջացնում են խաչելության և այլ խորհրդանիշներ՝ փշերը, աքցանը, մուրճը, մեխերը, գեղարդը, զառերը, արծաթե դրամները և Հուդայի ձեռքը:

18-րդ դարասկզբին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին (1676-1749) Կոստանդնուպոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Շուտով, սակայն, մեկնում է Սևան և շուրջ տասը օր մնում այնտեղ: Հայտնի է, որ Մխիթար Սեբաստացին թույլ տեսողություն ուներ և, գրեթե կուրության շեմին, Սևանա կղզում օրեր շարունակ աղոթում է այդ պատկերի առաջ ու խնդրում, որ իրեն ուժ և զորություն տրվի հայագիտական կենտրոն հիմնելու համար։ Ըստ ավանդության, աղոթքի ժամանակ հանկարծ շարժվում են Տիրամոր շուրթերը, և Մխիթար Սեբաստացին լսում է իր խնդրանքի պատասխանը՝ «Եղիցի՛»: Եվ հրաշքով վերականգնվում է Սեբաստացու տեսողությունը… 1717 թվականին Վենետիկում նա հիմնադրում է Մխիթարյան միաբանությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder