Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան. ՔԿ-ն բաց է թողել Տ. Ուլուբաբյանին խոշտանգման դեպքը բացահայտելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը
«Տիգրան Ուլուբաբյանը համառորեն ու վստահորեն պնդել է իր ցուցմունքը»,-երեկ ուշ երեկոյան ՔԿ շենքի դիմաց հայտարարել է փաստաբան Ռոման երիցյանը՝ ավելացնելով, որ որոշակի դրվագներ ընդունվել են, բայց բռնությունն ու Տիգրանի ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելը չեն ընդունել ոստիկանների կողմից։
Երիցյանն ընդգծել է՝ Ուլուբաբյանը ներկայացրել է այնպիսի մանրամասներ, որոնք հորինել հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ երեկ առերեսում է եղել Լոռու մարզային վարչության պետի և Տիգրան Ուլուբաբյանի վկայակոչած այն ոստիկանի հետ, որն իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Հայտնի է դարձել, որ համացանցում տարածված տեսանյութում, որտեղ Տիգրանը ՔԿ-ի դիմաց մատնանշում է այն ոստիկանին, որը իրեն հայհոյել է` հանդիսանում է Լոռու մարզային վարչության պետի վարորդը։
Փաստաբանի խոսքով, նախաքննական մարմինն արդեն բաց է թողել իր հնարավորությունը բացահայտել այս հանցագործությունն ու ձեռք բերել այն բոլոր ապացույցները, որոնք բավարար կլինեին այդ անձանց մեղադրնք առաջադրելու համար։
«Հստակ կարող եմ ասել՝ Քննչական կոմիտեն բաց է թողել խոշտանգման դեպքը բացահայտելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, միտումնավո՞ր, կոպիտ անփութությա՞մբ, թե՞ այլ կերպ, դա այլ հարց է։ Եթե նույնիսկ հրեշտակային օբյեկտիվություն էլ ցուցաբերվի, այն չի ծառայելու իր նպատակին, ինչ պետք է արվեր, մինչև հիմա պետք է արվեր»,-ընդգծել է Երիցյանը։
Փաստաբանն ասել է՝ հիմա չի բացահայտի իր անելիքները, անելու է հնարավոր ու անհնարին ամեն բան հանցագործությունը բացահայտելու համար։
«Նշեմ նաև, որ առերես հարցաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ենթադրյալ ավազակություն կատարողներն արդեն իսկ ոստիկանների կողմից հայտնաբերվել են, Տիգրան Ուլուբաբյանը նրանց հետ որևէ կապ ու աղերս չունի»,-հայտնել է նա։
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։