Սևանա լճի կենսաբազմազանությունը գնալով պակասում է, կորցնում ենք տեսակներ․ Քնարիկ Հովհաննիսյան
Տնտեսություն
17:08 22/03/2025
Հայաստան

Սևանա լճի կենսաբազմազանությունը գնալով պակասում է, կորցնում ենք տեսակներ․ Քնարիկ Հովհաննիսյան

Այսօր նշվում է Ջրի համաշխարհային օրը։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1993 թվականին մարտի 22-ը հռչակել է Ջրի համաշխարհային օր։ Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։  Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ։

Հայաստանում  կարևորագույն քաղրահամ ջրային պաշար է Սևանա լիճը, որը հատկապես վերջին տարիներին կանգնել է ճահճացման վտանգի առջև։ Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային այս օբյեկտի պահպանության խնդիրների մասին Panorama.am-ը զրուցել է ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի հետ։

Մասնագետն, ի թիվս այլ խնդիրների, առանձնացրեց  թափոնաջրերի լիճ լցվելու հարցը։

«Ամռան ընթացքում ափամերձ տարածքներն օգտագործում են 400-ից ավելի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ։ Միայն 4-ն  օբյեկտ է , որ կատարում են  կեղտաջրի մաքրում։ Բացի դրանից Սևանն աղտոտվում է գետերի միջոցով հոսող կեղտաջրերով՝  խառնված լվացքի մարքրման միջոցներով և այլ քիմիական նյութերով։ Միայն 2024թ․-ին  Սևանա լիճը շատ քիչ ծաղկեց՝ պայմանավորված ջրի բարձրացման և ցածր ջերմասիճանի հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կլիմայական գործոններով պայմանավորված և թերի կառավարման խնդիրներով պայմանավորված գետերի  ջրերի քանակը գնալով նվազում է, իսկ աղտոտվածությունը՝ մեծանում։

« Պետք է մտածել, թե ինչպես կանխել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ։ Անհրաժեշտ է բոլոր գետերի գետաբերաններին  կեղտաջրերի մաքրման կայաններ տեղադրել  ոչ միայն մեխանիկական,այլև կենսաբանական և քիմիական մաքրում։ Միայն մեխանիկական մաքրումը  չի փրկրի Սևանա լիճը։ Կողյուղու ջրերը հարուստ են կենսաբանական աղտոտվածությամբ, իսկ լվացքաջրերը՝ քիմիական»,- ասաց ջրաբանը։

Մասնագետը շարունակում է պնդել, որ  լճի աղտոտվածությունը կանխելուն միտված  միջոցառումներ չձեռնարկելու դեպքում , կշարունակենք կորցնել  լճի կենդանական աշխարհը։

«Լճի կենսաբազմազանությունը քանի գնում՝ պակասում է, մենք կորցնում ենք տեսակները, կողակն այլևս չկա, խեցգետինը գրեթե չկա, մինչդեռ դրանք լճի սանիտարներն էին, մաքրում էին ջուրը։ Պետք է մտածել դրանք վերականգնելու ուղղությամբ»,- ասաց Հովհանիսյանը։

Սևանի ռեկրիացիոն գոտիների օգտագործման հետ կապված խնդիրներ ևս կան։

«Ամռան ընթացքում բավականին մարդիկ են գալիս , հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերին։ Ժամանակին մենք ինստիտուտում հաշվարկել էինք, թե որքան հանգստացողի կարող է այսպես ասած՝ ընդունել  Սևանը , որպեսզի լճի ափամերձ ակվատորին չաղտոտվի՝ և՛  ավաղը, և՛ ջուրը։ Այն պետք է սահմանափակ լինի, հաշվել ենք Սևանա լճի ծավալը, ունակությունը։ Կան բանաձևեր, որոնցով դա հաշվարկվել է։ Բայց դրան հիմա ուշադրություն չեն դարձնում, քանի գնում խնդիրները խորանում են»,- ասաց ջրաբանը։

Ըստ մասնագետի՝ ոլորտի քաղաքականությունը պետք է այնպես վարել, որ ո՛չ բնությանը վնաս հասցվի, ո՛չ էլ տնտեսությանը։

 Անդրադառնալով առհասարակ ջրային ռեսուրսների  կառավարման խնդիրներին, ջրաբանն ընդգծեց, որ  թերի կողմներ շատ կան, ինչի մասին հաճախ բարձրաձայնվում է։

«Մենք գիտենք, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը շուրջ  30 մետր իջել է։ Պետք է նվազեցնել ստորգետնյա ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը, քանի  որ բնությունը չի հասցնում վերականգնել։ Արդյունքում ունենում ենք՝ տխուր տեսարան։ Ամեն գնով պետք է հասնել այն բանին, որ ձկնաբուծարանները ներդնեն շրջանառու համակարգ, ինչը  խնդիրը քիչ թե շատ կմեղմի։ Այլ խնդիրներ էլ կան, օրինակ՝ ոռոգման  համակարգի բարելավման , վերանորոգման հետ կապված,որի  հետևանքով ունենում ենք ջրի զգալի կորուստներ։ Կան հորեր, որոնք չեն աշխատում կամ ապօրինի են և ենթակա են փակման։ Խնդիրները բազմաթիվ են»,- եզրափակեց Քնարիկ Հովհաննիսյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder