Ինչպիսին են լինում դեղերի հանդեպ գերզգայնության ռեակցիաները. Բացատրում է մասնագետը
Առողջություն
13:50 22/03/2025
Հայաստան

Ինչպիսին են լինում դեղերի հանդեպ գերզգայնության ռեակցիաները. Բացատրում է մասնագետը

Դեղերի հանդեպ գերզգայունության ռեակցիաները /ԴԳՌ/ բուժական, կանխարգելիչ կամ ախտորոշիչ նպատակով կիրառվող դեղամիջոցների (ներառյալ՝ ակտիվ դեղերը և բոլոր օժանդակ նյութերը) անցանկալի ազդեցություններն են, որոնք կլինիկորեն արտահայտվում են տարբեր, սակայն առավելապես մաշկային ալերգիկ երևույթներով: ԱՀԿ-ն բնորոշում է ԴԳՌ-ները՝ որպես չափաբաժնից անկախ, անկանխատեսելի, անցանկալի և անբարենպաստ պատասխան մարդու համար նորմալ չափաբաժնով ընդունված դեղի նկատմամբ: Դեղորայքային ալերգիա սահմանումը տրվում է, երբ առկա է զարգացման իմունաբանական մեխանիզմ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ Արա Սողոմոնյանը նշում է, որ գործնականում ընդունված է ԴԳՌ-ները բաժանել անհապաղ և ոչ անհապաղ ռեակցիաների: Ավելի տարածված են անհապաղ ԴԳՌ-ները, որոնք հիմնականում դրսևորվում են եղնջացանի, անգիոայտուցի, անաֆիլաքսիայի և այլ ախտանշանների զարգացումով դեղամիջոցի վերջին ընդունումից 1-6 ժամերի ընթացքում: Ոչ անհապաղ ԴԳՌ-ներն ավելի հազվադեպ են՝ դրսևորվելով առավել հետերոգեն մաշկային երևույթներով, ինչպես նաև տարբեր օրգանների ախտահարումների զարգացումով, դեղեր ընդունելուց հետո մեկ ժամ անց՝ ցանկացած ժամանակ:

Ոչ անհապաղ կամ դանդաղեցված տեսակի գերզգայնության ռեակցիա իրականանում է բջջային մեխանիզմներով: Սենսիբիլիզացված Т-բջիջները սինթեզում են տարբեր ցիտոկիններ, որոնք առաջացնում են բորբոքային ռեակցիա: Այն կարող է արտահայտվել դեղային կարմրուկանման ցանով, դեղի տեղային կիրառման դեպքում` կոնտակտային դերմատիտով (մաշկաբորբով):

Կյանքին վտանգ սպառնացող, կլինիկական առավել ծանր դրսևորումներ են անաֆիլաքտիկ շոկը, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզը (Լայելի համախտանիշը)։

Դեղի ալերգենային պոտենցիալը պայմանավորված է դրա քիմիական հատկություններով: Որքան մեծ է չափը, այնքան մեծ է ալերգիկ ռեակցիա առաջացնելու հնարավորությունը:

ԴԳՌ-ների առաջացման պատճառ կարող է դառնալ ցանկացած դեղամիջոց, սակայն որոշ դեղեր առավել տարածված պատճառային դեղամիջոցներ են, օրինակ՝ β-լակտամային, ցեֆալոսպորինային  և այլ հակաբիոտիկները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ինչպես նաև տեղային անզգայացնող դեղամիջոցները  և ճառագայթային կոնտրաստ նյութերը: Բացի այդ, ըստ վերջին տարիներին կատարված հետազոտությունների, տարածված պատճառներ են սիրտ-անոթային, հակացնցումային, քիմիաթերապևտիկ դեղամիջոցները։

Դեղորայքային գերզգայունության ռեակցիաները (ԴԳՌ) հանրային առողջապահության առավել կարևոր խնդիրներից են ամբողջ աշխարհում և, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, կազմում են դեղերից առաջացած բոլոր անցանկալի ռեակցիաների 15-20%-ը, դիտվում են բնակչության ավելի քան 7%-ի և հոսպիտալացված հիվանդների գրեթե 3%-ի դեպքում: Խնդրի արդիականությունը պայմանավորված է դեղերի կիրառման աճով, բուժման սխեմաներում միաժամանակ մի շարք դեղամիջոցների անհիմն նշանակումներով (պոլիպրագմազիա-բազմադեղանշանակում), դեղի՝ հաճախ առանց բժշկի նշանակման, կամայական կիրառումով և այլն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder