Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ ունեցել ենք մի քայլ առաջ, երբեմն Բաքվից դիտվել է երկու քայլ հետ․ ԱԳ փոխնախարար
«Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող նախապայմաններին, տարածվող ապատեղեկատվությանը։
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանն ավելի ագրեսիվ կեցվածքով է հանդես գալի, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Սա նոր գործելաոճ չէ: Թե անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում:
Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք՝ դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե այս դեպքում, թե նախկինում: Միջազգային հանրությունն էլ լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»:
Նա նաև նշեց, որ եթե հետագայում ունենան այդ առաջընթացը՝ ստորագրենք, ռատիֆիկացնենք, և, իսկապես, կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե, կարող են քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար։
«Պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով, մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը։
Ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք համագործակցությունը»,- ասաց փոխնախարարը։
Հարցին՝ վստա՞հ է Երևանը, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդական առաքելությունն առհասարակ դուրս գա Հայաստանից, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ մի բանում լիարժեք վստահություն չենք կարող ունենալ, բայց եթե խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյո՞ք ԵՄ դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է: Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց, իհարկե, վստահ լինելու մասին շատ բարդ է ասել»: