Հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները՝ մեկ հարթակում
Մշակույթ
14:10 25/03/2025
Հայաստան

Հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները՝ մեկ հարթակում

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի, Ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկում է խոշոր նախագիծ, որի նպատակն է ստեղծել ամբողջական տեղեկատվական շտեմարան, որը կներառի Հայաստանի և Արցախի տարածքներում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները, հուշահամալիրները և հաղթանակի խորհրդանիշները: 

Panorama.am-ի հետ զրույցում Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ այս նախագիծը բավականին ծավալուն է, քանի որ ներառում է  Արցախի ողջ տարածքն ու  Հայաստանը։

«Ցավոք, Արցախում գտնվող բազմաթիվ հուշարաձաններ այժմ գոյություն չունեն, հողին են հավասարվել Ադրբեջանի բռնազավթական ռեժիմի կողմից»,- նշեց նա։

Հ.Ավանեսովի ներկայացմամբ, նախագծի նպատակն է  մեկ ընդհանուր շտեմարան ստեղծել, որտեղ հնարավորինս ընդգրկված կլինեն այդ հուշարաձաններն իրենց համապատասխան նկարագրություններով՝ երբ են կառուցվել, ովքեր են ճարտարապետները, քանդակագործները, նվիրված են  Հայրենական պատերազմի, թե հանուն մեր պետականության պահպանության նահատակված հայրենակիցների հիշատակին։

Շտեմարանը  հարուստ է լինելու նաև լուսանկարներով, հարուստ տեղեկատվական աղբյուր կլինի ուսումնասիրություններ կատարելու ժամանակ։  Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև հրատարակել համապատասխան գիրք-ալբոմներ:

«Շտեմարանը, դրա հենքի վրա ձևավորված գիրք-ալբոմները ոչ միայն մեր հարգանքի տուրքն են հերոս նախնիների, եղբայրների, քույրերի հիշատակին,  նաև միտված է նրանց  կատարած սխրանքի արժևորմանը, մեր ապագա սերունդերը ևս պետք է տեղյակ լինեն այդ հերոսապատումների, հուշարձանների, դրանց պահպանության անհրաժեշտության մասին։

Այդ ամենը մեր պատմության և մշակութային ինքնության բաղկացուցիչ մասն է կազմում»,- ասաց Հովիկ Ավանեսովը։

Նախաձեռնության հեղինակները դիմում են բոլորին, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն համապատասխան լուսանկարներ կամ տեղեկատվություն, փոխանցել իրենց՝ նշելով հուշարձանի գտնվելու վայրը (մարզը կամ շրջանը), քանդակագործի և ճարտարապետի անունը (եթե հայտնի է), տեղադրման տարեթիվը, լուսանկարի հեղինակի անունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder