Ներկայումս բացի Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել. ՔԿ ներկայացուցիչ
Իրավունք
15:15 25/03/2025
Հայաստան

Ներկայումս բացի Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել. ՔԿ ներկայացուցիչ

«Ներկայումս բացի Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից, այլ ապացույցներ չկան։ Երբ ապացույցներ ձեռք կբերվեն, այդ ժամանակ էլ վարույթ իրականացնող մարմինը կդիտարկի ոստիկաններին ձերբակալելու, հետապնդում հարուցելու, համապատասխան խափանման միջոցներ կիրառելու նպատակահարմության հարցը»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Տիգրանը մատնանշել է այն անձանց, ովքեր իր նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն նախաքննության ներկա փուլում պետք է  ձեռք բերվեն  Տիգրանի  ցուցմունքը հաստատող այլ  ապացույցներ, որոնց համակցությամբ էլ կգնահատվի ու հիմնավոր կդիտարկվի ոստիկանության  համապատասխան ծառայողների կողմից  հանցանքի կատարումը. «Սակայն ներկայումս Ուլուբաբյանի ցուցմունքից բացի այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատնեն ոստիկանների կողմից վերջինիս նկատմամբ բռնության գործադրելու հանգամանքը»։

Շ.Գրիգորյանն ասաց, որ ակնկալում էին դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ կարտացոլվի Տիգրանի մարմնական վնասվածքները, սակայն դատաբժշկական փորձագետի եզարակացությամբ պարզվել է, որ Տիգրանի մոտ մարմնական վնասվածքներ  չեն հայտնաբերվել։

«Տիգրանը նաև հայտնել էր, որ ոստիկանները թքել են իր վրա։ Տուժողի կողմից հագուստը ներկայացվել է, նշանակվել է կենսաբանական փորձաքննություն՝ պարզելու, թե հագուստի վրա  առկա՞ են թքի հետքեր, թե՞ ոչ, եթե կան, նույնակացման ենթակա՞ են, նույնականացման դեպքում պատկանում է ոստիկանների՞ն, թե ՞ ոչ»,- ասաց ՔԿ ներկայացուցիչը։

Նշենք, որ արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատողներին իրեն խոշտանգելու համար: Նա պնդում է, որ իր ազգականի տան վրա ավազակային հարձակումից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել, հայհոյել: Արդեն մի քանի օր է, ինչ Տիգրանն ու տասնյակ այլ քաղաքացիներ հավաքվում են ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ձերբակալել վեց ոստիկանների: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder