Իրավապաշտպան. Տիգրան Ուլուբաբյանի դեպքն այս տարի Լոռու ոստիկանների հետ կապված երրորդ հանրային հնչեղություն ստացած գործն է
Իրավունք
16:38 25/03/2025
Հայաստան

Իրավապաշտպան. Տիգրան Ուլուբաբյանի դեպքն այս տարի Լոռու ոստիկանների հետ կապված երրորդ հանրային հնչեղություն ստացած գործն է

«Մարդու իրավունքների պաշտպանը  մտահոգիչ է համարում գրանցված դեպքերը։ Բացի Տիգրան Ուլուբաբյանի դեպքից,  վերջերս մեկ այլ դեպքով ահազանգ է ստացվել ՄԻՊ աշխատակազմ, որ  անձը ոստիկանների  կողմից բռնության է ենթարկվել»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ դատախազություն գրություն է հասցեագրվել։

«Նմանատիպ դեպքերով ՄԻՊ նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ է սկսվել, վարույթի  շրջանակներում  անհրաժեշտ այլ հարցադրումներ ևս կբարձրացվեն»,- ասաց Ս. Ստեփանյանը։

Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանի հետ կապված դեպքն այս տարի Լոռու մարզայի ոստիկանության հետ կապված երրորդ աղմուկ, հանրային հնչեղություն ստացած գործն է։ Նա պատմեց, որ դեպքերից մեկով տեսնելով, որ անձի վիճակը վատ է,  շտապօգնության մեքենայով են տեղափոխում  հիվանդանոց, որտեղ բժիկներն արձանագրել են քերծվածքներ։

«Խոշտանգման ենթարկված անձը կարող է ենթարկվել կրկանի հետապնդման, թե ինչու համար է բողոքում։ Խնդիրն այն է, երբ որ քաղաքացու կողմից կատարվում է  հանցավոր գործողություն, քննչական մարմինները ջանքեր  են գործադրում շուտափույթ ապացույցներ հավաքելու համար, բայց նույն ջանասիրությունը,  երբ որ նման ոչ իրավաչափ գործողություններ են կատարվում ոստիկանների կողմից, չենք տեսնում»,- ասաց իրավապաշտպանը։

Ա. Սաքունցը նշեց, որ ոստիկանության, հատկապես քրեական ոստիկանության բարեփոխումները շատ լուրջ խնդիր են. «Քրեական ոստիկանությունը բովանդակային առումով չի փոխվել, ավելին՝ բռնությունների կատարման մեջ կասկածվող, քրեական գործերում ներգրավված անձինք, եթե նույնիսկ նրանց մեղքը չի հիմնավորվել, նրանք շարունակում են պաշտոնավարել, պաշտոնական առաջխաղացում են ունենում։

Կան սկզբունքներ, ստանդարտներ, որ ոստիկանության աշխատակցի դեմ բողոքի առկայության դեպքում, պետք է դադարեցվի նրա պաշտոնական լիազորությունները։ Այդ ոստիկանները  պետք է առանձին քննվեն, չպետք է ժամանակ ունենան, որպեսզի մեկը մյուսի հետ համաձայնության գան, քանի որ կարող են որոշակի փոխադարձ համաձայնության գան, թե ինչ ցուցմունքներ տան»։

Նշենք, որ արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատողներին իրեն խոշտանգելու համար: Նա պնդում է, որ իր ազգականի տան վրա ավազակային հարձակումից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել, հայհոյել: Արդեն մի քանի օր է, ինչ Տիգրանն ու տասնյակ այլ քաղաքացիներ հավաքվում են ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ձերբակալել վեց ոստիկանների: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder